Լրահոս
Օրվա լրահոսը

Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան

Սեպտեմբեր 05,2017 19:55

Սեպտեմբերի 5-ին  «Ուխտագնացություն դեպի մայր Հայաստան» այցի շրջանակներում Հայաստանում գտնվող բուլղարահայ աշակերտների և ուսուցիչների խումբը՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի ղեկավարությամբ հյուրընկալվեց ՀՀ սփյուռքի նախարարությունում: Հանդիպմանը մասնակցում էին նաև աշակերտների ծնողներ և բուլղարացի երիտասարդներ:

Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց հայրենաճանաչությանը միտված այցը: «Սփյուռքի նախարարությունը ձեր տունն է, հյուրընկալ օջախ, որտեղ դուք միշտ սպասված եք: Հայրենիք եք եկել Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նախաշեմին, որին կմասնակցեն 1400 հայեր աշխարհի 70 երկրներից, և որն ապացուցում է՝ Սփյուռքը ներկա է մեր երկրի պետականաշինության, զարգացման, առաջընթացի գործընթացներում: Դուք եք ապագան կերտողները: Մեր Հայրենիքը զուրկ է նավթից և գազից, սակայն այն շահեկանորեն տարբերվում է շատ երկրներից իր ստեղծագործ մտքով և ներուժով»,-նշեց Սերժ Սրապիոնյանը: Նա առանձնակի ողջունեց նաև հանդիպմանը ներկա բուլղարացի երիտասարդներին՝ ընդգծելով, որ մեր երկու ազգերը մշտապես եղել են բարեկամներ և գործընկերներ:

Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նախարար Հրանուշ Հակոբյանին, Սփյուռքի նախարարության աշխատակիցներին և բոլոր նրանց, ովքեր նպաստում, աջակցում են Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը, Սփյուռքում հայ ինքնության, մշակույթի, մայրենիի պահպանմանը: «Դեպի Հայրենիք այս ուխտագնացության նպատակը Հայաստանի քաղցրությունը, հայրենի հողի ուժը զգալն է: Երբ ես տեսնում եմ այս երեխաների, երիտասարդների ոգևորությունը, հասկանում եմ, որ ոչ մի ջանք իզուր չի անցել»,-նշեց Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:

Այնուհետև բուլղարահայ պատանիները պատմեցին իրենց տպավորությունների, զգացողությունների մասին:

Հանդիպման ավարտին հյուրերին ողջունեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և նրանց հրավիրեց մասնակցելու նախարարության ծրագրերին:

Պատանիները նշեցին, որ հաջորդ անգամ Հայաստան կգան «Արի տան» շրջանակներում:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930