Էրեբունու բիլիարդանոցում օրեր առաջ իր ընկերոջ` Գոռ Հակոբյանի կողմից պատանդ վերցված Մ. Թ-ն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Նա Aravot.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ ներկայացրեց:
«Ես նրան այդպես չեմ ճանաչել, ոնց որ այդ օրն եմ տեսել»,- Aravot.am-ին պատմեց Գոռ Հակոբյանի կողմից պատանդ վերցված Մ. Թ-ն: Դեպքից մեկ շաբաթ առաջ, մեր զրուցակցի պատմելով, իրենք վիճել էին, ինքը նեղացել էր Գոռից, ինչի պատճառով մեկ շաբաթ ոչ հանդիպել են, ոչ էլ հեռախոսով խոսել. «Ինքն այդ մարդը չի եղել, ինչպես այս վիդեոներում են ներկայացնում, չգիտեմ` այդ օրը իր հետ ինչ էր եղել, ինչն էր իրեն դրդել այդ քայլին»:
Մ. Թ-ի պատմելով, դեպքի օրը ընկերների հետ հանդիպումից ուշ երեկոյան տուն վերադառնալիս իրենց տան բակում տեսել է Գոռ Հակոբյանին, վերջինս Մ. Թ-ին շենքի մուտքի մոտից բերանը փակելով` նստացրել է իր մեքենան, տարել նշված խաղատուն.
«Ինքն այնպիսի բաներ էր խոսում, որ ես չէի կարողանում հասկանալ…ինքը ինձ չի վնասել մինչեւ ոստիկանության գալը, մենք վիճել ենք, թեթեւ խոսակցություն ենք ունեցել, ես ուզում էի այդտեղից դուրս գալ, իրեն հրելուց ընկել եմ աստիճաններից: Խաղատունը երկու հարկանի էր ու կաֆելով աստիճաններ կային դեպի առաջին հարկ բերող, այդ աստիճանների վրայից ընկել եմ, այդ է պատճառը, որ ձեռքս կոտրվել է, մարմնիս վրա էլ կապտուկներ են առաջացել»:
Մ. Թ-ն նաեւ ասաց, որ Գոռ Հակոբյանը ագրեսիվացել է ոստիկանների գալուց հետո ու դանակը իր պարանոցին պահելով` որոշ քերծվածքներ է իրեն պատճառել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ