Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞նց ենք ստուգելու՝ կռճիկը գենետիկ ինժեներիայո՞վ է ստացված, թե՞ մեկի ականջի կռճիկը կտրել հանել են». Փաշինյանն անհանգստացավ

Սեպտեմբեր 05,2017 16:23

Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում  քննարկվեց կառավարության մի նախագիծ, որով առաջարկվում է գենետիկ ինժեներիայի գործունեության համար լիցենզավորումը հանվի, այսինքն, այդ բիզնեսի համար բավարարվեն միայն ծանուցելով:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը բացատրեց, որ Հայաստանում նման գործունեություն ծավալող չկա, մի քանի սփյուռքահայեր կան, որոնք, եթե հեշտացնեն այստեղ ընթացակարգերը, կարող է ներդրումներ անեն. «Այս պահի դրությամբ մենք հստակ գիտենք, թե ինչ բան է արհեստական մարդու կլոնավորումը եւ ինչ բան է գենետիկական ճանապարհով ստեղծել պրոդուկտներ, որոնք ազդում են մարդու  առողջության վրա»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանն անհանգստացավ՝ «Դա գյուղատնտեսական ապրանքների վրա էլ է տարածվում եւ հոդվածներ կան, որ խոզի ժանտախտը հենց այդ գենետիկ ինժեներիայի արդյունքում է առաջացել: Հիմա մենք լիցենզավորումը հանում ենք՝ անհայտ մարդկանց համար, անհայտ ապագայի համար»:

Խաչատրյանը պատասխանեց, որ վերահսկողությունը չեն թուլացնում, պարզապես թույլ են տալիս դա իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթերի: Փոխնախարարն ասաց, որ դա բացառապես կապված է մարդու առողջության հետ, գյուղատնտեսության հետ կապ չունի:

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը տարակուսեց. «Չեմ հասկանում, թե այդ հեշտացումն ինչի համար է, եթե կան նման կազմակերպություններ, ովքեր են, ինչ են ուզում մեզանից»:

Փոխնախարարը պատասխանեց, որ այդ ոլորտը գիտական է, լուրջ ներդրումներ է պահանջում. «Իրենց պրոդուկտները, ցանկացած բան, որ կստանան, փորձաքննություն է անցնելու հետո»: Սերգեյ Խաչատրյանը բացատրեց, որ գենետիկ ինժեներիայի արդյունքում, օրինակ, կռճիկներից ինչ-որ պրոդուկտներ են ստանում:

Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Հարց է ծագում՝ ինչ է գենետիկ ինժեներիան, ՀՀ-ում չկա սահմանված՝ ինչ է դա: Սահմանադրության մեջ հոդվածներ կան, որտեղ ասվում է, որ մարդու օրգանները, հյուսվածքները չի կարելի եկամուտի մաս դարձնել, պարոն Խաչատրյանն էլ ասում է կռճիկների հարցեր են լուծում: Քանի դեռ մենք օրենսդրությամբ չենք սահմանել, թե ինչ է  գենետիկ ինժեներիան, ուրեմն էդ գործունեությունը, այդ թվում՝ ներդրումների, աշխատատեղերի շահերից ելնելով՝ եկեք նախ հստակեցնենք, թե ինչպես պետք է ՀՀ-ում դրանով զբաղվեն: Հարց է, որ ազգային անվտանգության հետ է առնչվում»:

Խաչատրյանը պատասխանեց՝ «Սահմանադրությամբ օրգանների վաճառքն իսկապես արգելվում է, բայց մենք այստեղ չենք խոսում օրգանների վաճառքի մասին: Խոսքը մի մեծ ինդուստրիայի մասին է, լաբորատոր պայմաններում կարողանում են ստանալ, օրինակ, ականջի խեցու ճիշտ նմանակը մարդու՝ կռճիկների տեսքով եւ տեղադրեն»:

Նիկոլ Փաշինյանը, լսելով ականջի կռճիկի մասին՝ էլ ավելի անհանգստացավ ու հարցրեց՝ «Լավ, ասենք, կռճիկ է դրած, ո՞նց ենք ստուգելու՝ դա գենետիկ ինժեներիայով է ստացված, թե՞ մեկի ականջի կռճիկը կտրել հանել են»:

Փաշինյանն առաջարկեց օրենքից գենետիկ ինժեներիայի մասը հանել: Կառավարության ներկայացուցիչը հորդորեց հաստատել այն այնպես, ինչպես ներկայացրել են: Հանձնաժողովն ի վերջո որոշեց նախագծին տալ դրական եզրակացություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930