Սեպտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանի նկարիչների միության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրն ստորագրել են նախարար Արծվիկ Մինասյանը և Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:
Կողմերը, արտահայտելով ընդհանուր կամք` բնապահպանական խնդիրների լուծման գործում հասարակության լայն շերտերի ներգրավման, էկոմշակույթի ձևավորման հարցերում համագործակցության վերաբերյալ, համոզված լինելով, որ համագործակցությունը կնպաստի շրջակա միջավայրի պահպանությանը, բարելավմանն ու վերականգնմանն ուղղված միջոցառումների և ծրագրերի իրականացմանը, հուշագրով ամրագրել են իրենց պատրաստակամությունը` ձեռնարկել որոշակի գործողություններ և միջոցներ:
Ստորագրման արարողության մեկնարկին ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը տեղեկացրել է, որ հուլիսի 19-ին ՀՀ նկարիչների միությունում անցկացված «Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրով նկարների ցուցահանդեսի ժամանակ միտք է հղացավ նկարիչների հետ համագործակցությունը նոր որակական հարթության վրա դնելու և այն համագործակցության հուշագրով ամրագրելու մասին:
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն իր խոսքում նշել է, որ հուշագրի ստորագրումը լավ առիթ և հնարավորություն է, որպեսզի հասարակական միավորումը և պետական մարմինը համագործակցության իրական գործընթաց սկսեն` նպատակ ունենալով հանրային շահ համարվող բնության պահպանության քաղաքականությունը վերածել նաև կոնկրետ գործողությունների: «Այս տեսակետից չափազանց կարևորում եմ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր և այնտեղ մենք տեսանք լուրջ մտահոգություններ, այդ մտահոգությունների` նկարի, նկարչական լեզվով ներկայացում, ինչն այսօր մեր երկրում, ցավոք, շատերի մոտ բացակայում է: Մենք համոզված ենք այն մոտեցման մեջ, որ անհրաժեշտ է էկոկրթության և էկոդաստիարակության շրջանակներում հանրությանն առավելագույնը մատուցել, և դա, մեր խորը համոզմամբ կարող է նաև հենց պատկերների տեսքով, նկարիչների ստեղծագործությունների միջոցով լինել` ակնառու ցույց տալու համար, թե որքան վտանգված է Երկիր մոլորակը և որքան կարիք ունի բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, աշխարհի յուրաքանչյուր ծայրում, առավել ևս Հայաստանի յուրաքանչյուր վայրում»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարարը և կարևորել նկարչական պատկերներով` մարդկանց ուղերձներ հղելը, կամ մարդկանց շրջակա միջավայրի խոցելիության վերաբերյալ տեղեկատվության հասցնելը, ինչը մի կողմից ստեղծագործություն է, մյուս կողմից` շատ հստակ ուղերձ:
Ըստ Արծվիկ Մինասյանի, առաջնային նպատակն այն է, որ ստորագրված հուշագիրը երկար ժամանակ լինի գործունակ, անկախ նրանից, թե ով կղեկավարի ոլորտը:
Երկու կառույցների միջև համագործակցությունը լիարժեք և արդյունավետ իրականացնելու համար կներգրավվեն նաև դրամաշնորհային միջոցներ, ինչը կնպաստի շրջակա միջավայրի պահպանության հանրային գիտակցության բարձրացման գործողություններին, մյուս կողմից էլ մշակութային գործիչներին հնարավորություն կընձեռվի ստեղծագործել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: Արծվիկ Մինասյանը շեշտելով, որ Էկոդաստիրակությունը և էկոկրթությունը գերատեսչության վարած քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն է, տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն աշնանը ներկայացնելու է էկոլոգիական կրթության, դաստիարակության զարգացման ռազմավարությունը, որի ավարտից հետո Հանրապետությունում կիրականացվեն արշավներ և կրթական ծրագրեր, որոնցում էական դեր կունենան նաև նկարիչները:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ նկարիչներն ուրախ են, որ կարող են ինչ-որ ձևով նպաստել երկրի բնապահպանական խնդիրների լուծմանը: «Մոլորակը վտանգված է և Հայաստանը կարծես դրա կիզակետում է, ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդու ձեռքերով, կամ բնության աղետների պատճառով ոչնչանում կանաչ տարածքները, որոնք շատ սակավաթիվ են Հայաստանում»: Նկարիչների միության նախագահը նշել է, որ նկարիչները, ինչպես մեր բոլոր քաղաքացիներն, անմասն չեն մնա բնապահպանական խնդիրների լուծման գործընթացից և ներկայում կան նկարների ֆոնդեր, որոնց վաճառքից որոշակի գումարներ կարող են ուղղվել բնապահպանական խնդիրների լուծմանը:
Հուշագրով` ՀՀ բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում օժանդակելու և աջակցելու է կերպարվեստի միջոցով բնապահպանական խնդիրների վերհանման, հանրայնացման, լուծման առաջարկների նպատակով նկարիչների միության նախաձեռնած միջոցառումներին, իսկ վերջինս նախաձեռնելու է միջոցառումներ /ցուցահանդեսներ, անհատական ցուցադրություններ, քննարկում-հանդիպումներ/ կերպարվեստի միջոցով բնապահպանական խնդիրների ներկայացման, դրանց հանրայնացման նպատակով: Հուշագրով համագործակցություն է իրականացվելու նաև էկոլոգիական մշակույթի ձևավորմանը նպաստող այլ գործողություններով:
ՀՀ բնապահպանության նախարարություն