Կառավարությունն առաջարկում է կարգավորել օտարերկրյա պետությունում բուժվող` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձանց կենսաթոշակ վճարելու հարցը: Այսօր ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկեց թույլ տան լիազորագրով վերսկսել կենսաթոշակ տալ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի եւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող այն անձի համար, ով բուժման նպատակով գտնվում է օտարերկրյա պետությունում եւ նա հաշմանդամություն է ձեռք բերել մարտական գործողությունների մասնակցելու , ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ այդ կատեգորիայի մեջ ինչքա՞ն մարդ ունենք, որ կասեցվել է կենսաթոշակ տրամադրելը՝ նրանց չներկայանալու համար: Նախարարը պատասխանեց՝ թե քանի անձ է բուժվում՝ տեղեկություն չի կարող տալ: Բայց առնվազն մոտ 5 անձի համար ունեն դիմումներ, տեղեկատվություն, որը քննարկվել է եւ համապատասխան լուծում չի ստացել:
Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքը: Գործող օրենքն ընդունվել է 93-ին եւ այն հիմնովին փոփոխելու կարիք ունի:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր ձեռքի տակ կա 60 առաջարկ: Նա առաջարկեց, որ լսումներ կազմակերպեն, շահագրգիռ կողմերին ներգրավեն, ՀԿ-ների ներկայացուցիչներ լինեն. «Բազմաթիվ մարդիկ հաշմանդամության կարգից զրկվել են՝ կապված ընթացակարգերի փոփոխության հետ եւ դա բնականաբար դժգոհության եւ բողոքի ալիք է բարձրացրել, մարդիկ չեն հասկանում, թե ինչու իրենք անընդհատ հաշմանդամություն ունեցող են համարվել ու հանկարծ իքս պահից սկսում են չհամարվել»: Ուստի, ըստ պատգամավորի, պետք է ամեն ինչ շատ հստակ լինի օրենքում:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ բացարձակապես որեւէ որոշում չի կայացվել պահի ազդեցությամբ:
Մարգարիտ Եսայանը համաձայնեց, որ լսումներ են պետք, որովհետեւ քաղաքականություն է փոխվում. «Խնդիրն էլ վերաբերում է հանրության ստվար, նուրբ, խոցելի խավին, մենք շատ լուրջ պետք է քննարկենք օրենքը»: Եսայանը նշեց, որ հոգեբանորեն դժվար է պետությունից փող ստացող մարդուն ասել, որ հետ վարժվիր:
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ «Մեր հաշմանդամների թիվը 2003-ին եղել է 111 հազար, 2016-ին արդեն 205 հազար է: Մենք համոզված ենք, որ շատ մարդիկ կան, որոնք իրական չափորոշիչներին չեն համապատասխանում հաշմանդամության եւ շատ մարդիկ էլ կան, որոնք համապատասխանում են, բայց հաշմանդամ կոչումը չունեն: Մենք սա շատ լավ հասկանում ենք…Քաղաքականությունը մեր պետք է լինի՝ ամեն ինչ անել հաշմանդամ չունենալ: Հետևաբար` մենք գործ ունենք առողջապահության համակարգի հետ: Նախ` փողը տանք, հաշմանդամ չունենանք, հետո տեսնենք ովքեր են մնում հաշմանդամ, նոր նրանց մասին մտածենք: Ինչ վերաբերում է հաշմանդամների ներառմանը, օրենքի նախագծում փոփոխությունը դրական է, բայց մենք դրան պատրաստ չենք, որովհետեւ մեր կրթական համակարգի մասին ոչ միայն օրենսդրությունը, այլեւ իրական կյանքը չի համապատասխանում: Եթե մեր բուհերը չունեն սայլակով հաշմանդամի մուտք, ի՞նչ ներառման մասին է խոսքը»:
Aravot.am-ը Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ ասացիք բուհերը հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, բայց ԱԺ-ի շենքն էլ հարմարեցված չէ՝ նա պատասխանեց. «Այո, ճիշտ եք ասում, կառավարության շենքն էլ, այո՛, թող հարմարեցնեն: Պետք է հարմարեցնել»:
Մեր դիտարկմանը, որ քանի տարի է՝ պատգամավոր եք, համապատասխան հանձնաժողովի նախագահ, ի՞նչ եք արել այդ ուղղությամբ՝ նա պատասխանեց. «Օրենքում գրված է, պետական մարմինները պարտավոր են օրենքում եղած դրույթները կատարել: Ձեզ թվում է, թե եթե ես հանձնաժողովի նախագահ եմ, պետք է կարողանամ կառավարել պետական կամ ցանկացած այլ հաստատություն մտնելու համար հաշմանդամների մո՞ւտքը: Ոչ: Դա վերաբերում է բոլոր կազմակերպություններին, համայնքներին, օրենքում ամրագրված է՝ թող կատարեն, պատասխանատվություն ունեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ