Լրահոս
Օրվա լրահոսը

Սխեմային տրվել է «Ադրբեջանական լվացքատուն» անունը

Սեպտեմբեր 05,2017 15:31

Ադրբեջանի իշխող վերնախավն օգտագործել է արհեստական ձևակերպված ընկերություններ՝ 2.9 մլրդ դոլար գումարի լվացման համար: Այդ գումարները կիրառվել են վճարելու եվրոպացի հայտնի քաղաքական գործիչներին, որոնք փորձել են մեղմացնել Ադրբեջանի հասցեին հնչող քննադատությունները և արգելափակել բանաձևերի ընդունումը եվրոպական կառույցներում, գրում է The Guardian-ը:

Նշված ընկերությունները գրանցված են եղել Բրիտանիայում՝ Ադրբեջանից մտացածին անձանց անունով: Նրանք ներկայացրել են կեղծ հաշվետվություններ, չնայած նրանց հաշիվներով հոսել են միլիարդավոր եվրոներ: Դրանք բոլորը սպասարկվել են դանիական Danske Bank-ի էստոնական մասնաճյուղում:

Այդ գումարների տեղաշարժի մասին առաջինը տեղեկություն է ստացել դանիական Berlingske թերթը, որը դրանով կիսվել է Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի զեկուցման նախագծի (OCCRP) հետ: Համատեղ լրագրողական քննությանը մասնակցել են նաև Süddeutsche Zeitung-ը (Գերմանիա), Barron’s-ը (ԱՄՆ), Le Monde-ը (Ֆրանսիա), The Guardian-ը (Բրիտանիա), Bivol-ը (Բուլղարիա) և այլք:

Հետաքննությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որը հաճախ մեղադրվում է մարդու իրավունքների խախտումների, համակարգային կոռուպցիայի և ընտրախախտումների մեջ, 2012-2014թթ. ընթացքում իրականացրել է ավելի քան 16 000 «մութ» վճարում:

Այդ գումարի մի մասը բաժին է ընկել քաղաքական գործիչների և լրագրողների՝ որպես միջազգային լոբբիստական գործողության մաս՝ ետ մղելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին քննադատությունները և նավթով հարուստ երկրի համար դրական իմիջ ձևավորելու համար: Ոչ մի կասկած չկա, որ հասցեատերերը բոլորն էլ իմացել են այդ գումարների աղբյուրների մասին:

Սխեմային տրվել է «Ադրբեջանական լվացքատուն» անունը:

Քաղաքական գործիչները

Հետաքննությունից երևում է, որ բազմակի վճարումներ են իրականացվել ԵԽԽՎ մի քանի նախկին անդամների հաշվին:

Վճարումները տեղի են ունեցել հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը քննադատությունների էր ենթարկվում իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունների, ընտրությունները կեղծելու համար: Վարչակարգն այդպիսով փորձել է բթացնել Եվրոպայից և ԱՄՆ-ից եկող քննադատությունը՝ պատվիրակություններին կաշառելու, այսպես կոչված «խավիարային դիվանագիտության» միջոցով:

Լոբբիստական գործողությունն այնքան հաջող է եղել, որ Եվրոպայի խորհուրդը 2013թ. դեմ է քվեարկել Ադրբեջանի դեմ քննադատական զեկույցին:

Մասնավորապես, 2013թ. հոկտեմբերի 25-ին բրիտանական Polux Management ընկերությունը, որը մասնակցել է Ադրբեջանից փողերի լվացմանը, 61 հազար եվրո է փոխանցել գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի Էդուարդ Լինթների հաշվին:

Գումարը ստանալուց երկու շաբաթ առաջ Լինթները գլխավորում էր Ադրբեջանի նախագահական ընտրություններում Գերմանիայի դիտորդական խումբը:

Դրանցում բնականաբար, հաղթեց գործող նախագահ Իլհամ Ալիևը: Գերմանացի քաղաքական գործիչը, բնականաբար, ընտրությունները հավանել էր: «Ընտրությունների ընթացքը կազմակերպվել էր բարձր մակարդակով՝ համապատասխան այնպիսի ստանդարտների, որոնք ընդունված են, օրինակ, Գերմանիայում»,- ասել էր Լինթներն ընտրություններից հետո:

Ընդհանուր առմամբ Լինթների հաշվին 2012-2014թթ. ընթացքում բրիտանական արհեստական գրանցված ընկերություններից փոխանցվել է 891 հազար եվրո:

Իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի դեմ գործը դարձել է ամենաաղմկոտ կոռուպցիոն սկանդալներից մեկը Եվրոպայի խորհրդի պատմության մեջ: 2012-2014թթ. ընթացքում Եվրոպայի խորհրդի Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավարը Բրիտանիայում գրանցված նույնպիսի ընկերություններից ստացել է ավելի քան 2 մլն եվրո:

Այս պահին քաղաքական գործչի դեմ քննություն է ընթանում: Իտալիայի իրավապահները կարծում են, որ Վոլոնտեն գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանություններից այն բանի համար, որպեսզի թույլ չտա ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին բանաձևի ընդունումը: Հենց Վոլոնտեի ջանքերով էլ բանաձևը ձայների մեծամասնություն չի հավաքել:

Ինքը՝ Վոլոնտեն, ասում է, որ այդ գումարը եղել է ոչ թե կաշառք, այլ վճար «խորհրդատվական ծառայությունների» համար, որն ինքը ցուցաբերել է ազդեցիկ ադրբեջանցի գործարարի:

Հետաքննությունը պարզել է, որ բրիտանական ընկերություններից վճարումներ է ստացել նաև Կալին Միտրևը, որն անցյալ տարի նշանակվել է Լոնդոնում տեղակայված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի խորհրդի անդամ: Իսկ Միտրևի կինը բուլղարացի քաղաքական գործիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան է:

Մասնավորապես, 2013թ. հոկտեմբերի 25-ին Միտրևի հաշվին Polux Management-ի կողմից փոխանցվել է 20 հազար եվրո: Գումարը փոխանցվել է իբր «կառավարչական ծառայությունների» համար:

Գումարը ստանալուց երեք օր առաջ Միտրևի կինն անցկացնում էր ֆոտոցուցադրություն «Ադրբեջան. հանդուրժողականության տարածություն»:

Ադրբեջանի իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում նման միջոցառումների վրա՝ մեղմելու համար մարդու իրավունքների ոտնահարումների համար արևմտյան երկրներից եկող քննադատությունների հետևանքները: Եվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինա Բոկովան քիչ չի օգնել Ադրբեջանի իշխանություններին՝ երկրի համար դրական հեղինակություն ձևավորելու հարցում: Օրինակ, 2010թ. Ադրբեջանի առաջին տիկին, այժմ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պարգևատրվեց Մոցարտի շքանշանով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևը հանձնեց հենց Իրինա Բոկովան:

Նրա ամուսինը՝ Կալին Միտրևը Ադրբեջանից փողերի լվացմամբ զբաղվող արհեստական գրանցված բրիտանական ընկերություններից 2012-2014թթ. ստացել է, ընդհանուր առմամբ 425 հազար եվրո:

Միտրևի խոսքով՝ ինքն այդ գումարները ստացել է ադրբեջանական ընկերություններին ցուցաբերած խորհրդատվական ծառայությունների համար:

Լոբբիստներ

Մեծ գումարներ են փոխանցվել նաև լոբբիստական գործունեության համար: 2014թ. Լոնդոնում CNN-ի նախկին պրոդյուսեր Էքարտ Սագերը բրիտանական ընկերություններից ստացել է մոտ 2 մլն եվրո՝ Ադրբեջանի կառավարությանը և նրա հայացքները քարոզելու համար: Սագերը որևէ մեկնաբանություն այս կապակցությամբ չի տվել:

Ադրբեջանի իշխանությունների ևս մեկ շահառու եղել է Անգլո-ադրբեջանական հանրության անդամ Ջովդաթ Գուլիևը, որն, ընդհանուր առմամբ, ստացել է շուրջ 400 հազար ֆունտ: Ինքը՝ Գուլիևը, նույնպես չի մեկնաբանել:

Գանձապահները

Հետաքննությունն ամբողջությամբ չի կարողացել պարզել՝ որտեղից են գալիս այդ գումարները: Հայտնի է, որ Ռուսաստանի կառավարությունը վճարել է հիմնականում «Ռոսօբորոնէքսպերտի» միջոցով: Մասնավորապես, 2012թ. զենք արտահանող ընկերությունը 29.4 մլն դոլար է փոխանցել բրիտանական Metastar Invest ընկերության հաշվին: Վերջինս գրանցված է Ադրբեջանից մտացածին անձի անունով, ինչպես նաև ներկայացրել է կեղծ հաշվետվություն, որում չի երևացել բանկային հաշիվների շրջանառությունն Էստոնիայում: Հենց Metastar Invest-ի հաշվից էլ վճարվել է իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն:

«Ռոսօբորոնէքսպորտի» գումարներից շուրջ 1.8 մլն-ը բաժին է ընկել Velasco International օֆշորային ընկերությանը: Վերջինս, ըստ «Պանամայի փաստաթղթերի», պատկանել է առաջին փոխվարչապետի որդուն՝ Յագուբ Այուբովին:

«Ռոսօբորոնէքսպորտի» գումարներից բաժին է հասնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի բիզնեսի հետ կապված օֆշորային ընկերությունների: Մասնավորապես, ռուսական զենքի մատակարարի փողերը բրիտանական Metastar Invest-ի միջոցով անցել է մեկ այլ օֆշորային ընկերության Inmaxo Capital-ին: Վերջինս իր հերթին միջնորդ էր հանդես գալիս Ռուսաստանից Ադրբեջան ցեմենտի արտահանման հարցում՝ Pasha Holding-ի կազմի մեջ մտնող Pasha Insaat շինարարական ընկերության համար: Այդ հոլդինգը ղեկավարում է Արիֆ Փաշաևը, որն Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրն է:

«Ռոսօբորոնէքսպորտ»-ը հրաժարվել է մեկնաբանել՝ որն է եղել վճարումների իրական պատճառը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930