Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմատապես փոխվել է զորակոչային գործընթացը». Նորայր Նորիկյան

Սեպտեմբեր 05,2017 15:13

«Նոր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը դառնալու է այն հիմնական գործիքակազմը, որով սահմանվելու են զինվորական ծառայության տեսակները, ժամկետները, զինված ուժերի համալրումը, զինված ուժերից արձակումը, պահեստազորում գտնվող կոնտինգենտի կարգավիճակը, զինծառայողների սոցիալական ապահովման հարցերը»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Հանրապետության նախագահի կողմից հրավիրվել էր անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում քննության են առնվել «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով:

Ըստ փաստաբանի՝ նոր իրավակարգավորումներով, արմատապես փոխվել է զորակոչային գործընթացն ամբողջությամբ, որն իր մեջ պարունակում է որոշ ռիսկային գործոններ. «Գործող կարգի համեմատ բավականին ծանրացվել է սպայական կազմի զորացրման հնարավորությունը: Ներդրվել են նորամուծություններ, մասնավորապես սպայական կազմի ատեստավորման ինստիտուտը և այլն… Օրինագծով ամրագրվել է, որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչև 27 տարին լրանալը, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչև 35 տարին լրանալը:

Գործող կարգով մինչև 35 տարեկան զինապարտ հանդես են գալիս միայն ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած քաղաքացիները: Առաջարկվող փոփոխությունները, ըստ էության, «Պատիվ ունեմ» ծրագրի օրենսդրական կարգավորման հետևանքն է: «Օրինագծով ամրագրվել է բավականին ուշագրավ դրույթ, որը մինչ օրս գոյություն չի ունեցել: Սահմանվել է, որ Օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության: Սա նշանակում է, որ այն անձինք, ովքեր խուսափել են սահմանված կարգով զինվորական ծառայությունից, չեն կարող անցնել հանրային ծառայության: Իմ կարծիքով, սա թեև ողջունելի, սակայն կիսաքայլ է, և կարելի էր ավելի համարձակ լուծում տալ հարցին՝ կոնկրետ սահմանելով, որ պատմական այս ժամանակահատվածում, նրանք, ովքեր այս կամ այն պատճառով չեն անցնի զինվորական ծառայություն, չեն կարող անցնել հանրային ծառայության: Վստա՛հ եղեք, որ այսպիսի կարգավորմամբ՝ գրեթե արմատապես լուծում կտրվեր բուհական կոռուպցիային, զինված ուժերում առկա կոռուպցիոն դրսևորումներին»:

Պարոն Նորիկյանի խոսքով, էլ ավելի ուշագրավ փոփոխություն է նախատեսվում ռազմաուսումնական հաստատություններն ավարտած սպաների զինվորական ծառայության ժամկետի առումով: Եթե գործող կարգով նշված կոնտինգենտի զինվորական ծառայության ժամկետը սահմանված է 20 տարի՝ ներառյալ ուսումնառության ժամկետը, ապա առաջարկվող օրինագծով հետուսումնական զինվորական ծառայությունը սահմանվում է 10 տարի, այսինքն՝ 5 տարով կրճատվում է սպաների զինվորական ծառայության ժամկետը. «Թե ինչ արդյունավետություն կարող է սա գրանցել, ցույց կտա ժամանակը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930