Լրահոս
Օրվա լրահոսը

Թալիշում զոհված Հրաչ Գալստյանը երազում եկել էր՝ խնդրելով քրոջորդուն անվանել Նարեկ

Սեպտեմբեր 05,2017 15:11

Թալիշում նահատակված ավագ լեյտենանտ 25-ամյա Հրաչ Գալստյանի քույրը նախորդ օրը տղա է ունեցել, որին անվանել են Նարեկ։ Հերոսի մայրը՝ տիկին Անահիտն Aravot.am-ին պատմեց, որ թոռնիկին Նարեկ են անվանել Հրաչի խնդրանքով, որը երազում երեւացել էր եղբոր կնոջը։ «Աղջիկս դեռ նոր էր հղիացել, երբ Հրաչս երազ էր եկել հարսիս՝ ասելով էդ ու՞մ ես գրկել, Սուսաննայիս Նարե՞կն է, տվեք սիրեմ։ Ամբողջ ընթացքում մտածում էինք, տեսնես իրոք տղա՞ է ծնվելու։ Երկու օր առաջ մեր տղան ծնվեց ու Հրաչիս խնդրանքով անունը Նարեկ դրեցինք։ Աղջկաս երկրորդ զավակն է, այսօր դուրս կգրեն Ախուրյանի մոր ու մանկան առողջության կենտրոնից», -ասաց տիկին Անահիտը։

Հերոսի մայրը մի երազանք ունի․փոքրիկ Նարեկը իր քեռուն նմանվի թե՛ արտաքնապես, թե՛բնավորությամբ։

«Հրաչիս մահից հետո 3 երեխա է ծնվել մեր ընտանիքում (ի դեպ, եղբորորդուն անվանել են Հրաչ՝ ի պատիվ հորեղբոր Ա․Ն․), մենակ իր դուստրն է նման Հրաչիս։ Հրաչս անընդհատ երազ է գալիս քրոջը, արդեն կլրանա նրա մահվան 1 տարի 5 ամիսը, բայց ես 3 անգամ եմ տեսել նրան երազիս։ Ասում են՝ էնքան ես լաց լինում, որ հետը կապը հաստատել չի հաջողվում, ես չեմ հավատում, որ նա չկա, չեմ էլ ուզում հավատալ, որ չկա․․․Մեկ-մեկ էլ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս եմ ապրել էս 1,5 տարի առանց Հրաչի, չեմ հաշտվում, անընդհատ իմ ուղեղում որդիս է, գիտեք, որ մեր տանը Հրաչիս անկյունը կա, անընդհատ իր հետ եմ, ուր շրջվում եմ իր լուսանկարներն են ․․․», -արտասվում է մայրը։

Տիկին Անահիտն ասում է, որ Հրաչի ուսանողական տարիների ընկերները, մարտական ընկերները, նրա զինվորները չեն թողնում, որ մենակ մնան, այցելում են, զանգահարում։

Հրաչի դուստրը ծնվեց նրա մահից մեկ ամիս անց։ Փոքրիկ Անահիտն արդեն 1,4 տարեկան է, փոքրիկի մայրը՝ Անուշ Օհանյանը սովորում է Շիրակի պետական համալսարանում։ Նրանք ծանոթացել ու ամուսնացել էին Թալիշում։

Հիշեցնենք, որ Հրաչ Գալստյանը նահատակվել էր ապրիլի 3-ին Թալիշի պաշտպանության ժամանակ։ Ինչպես Aravot.am-ին պատմել էր հայրը, ապրիլի 3-ին անընդհատ խոսել է որդու հետ, որը հանգստացրել է, թե ամեն ինչ լավ է: «Երեկոյան մինչեւ 20.30 զանգում, ինձ տեղյակ էր պահում, որ ամեն ինչ լավ է, հետո ասաց՝ պապ ջան, ես անհասանելի տեղ եմ գնում, հենց հարմար եղավ, կզանգեմ ձեզ, տեղյակ կպահեմ: Ու դա եղավ վերջին զանգը, էլ խաբար չառանք: Ամսի 4-ին, լույս առավոտ 6-ն էր, ելա, զանգ տվեցի աներոջը, անհասանելի էր, զոքանչն էլ էր անհասանելի, դու մի ասա բոլոր տեղեկացված են, գիտեն, որ որդիս չկա, բոլորն անջատել էին հեռախոսները, որ մեզ չհաղորդեին էդ դաժան լուրը…Չորս օր երեխես մնաց չոլերը, չորս օրից հետո հազիվ բերեցին: Հրաչը առաջ է գնացել, երեք հոգու դիրքավորել, հետ է եկել, որ ինքը դիրքավորվի, բլինդաժի մոտ իրեն խփել են», -պատմում էր հայրը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Հրաչ Գալստյանի քրոջ նորածնի լուսանկարը՝ Արմինե Կարախանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930