Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չզննեն, պատկերացնո՞ւմ եք մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց, նրանք էլ օգտագործեն». Արա Զոհրաբյանը՝ փաստաբանների խուզարկության մասին

Սեպտեմբեր 05,2017 14:07

«Լավ կլիներ, որ միասնական թեկնածուով հանդես գային: Եթե կարծում են, որ ես սխալ քաղաքականություն եմ վարում և իրենց մոտեցմամբ՝ կործանարար գործունեություն ծավալում, վստահ եմ, որ այս պայմաններում ուղղակի իրենց թեկնածուին պիտի առաջադրեին և փաստաբանների պալատը փրկեին ինձանից»,-«Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Պարոն Զոհրաբյանը վստահեցրեց, թե պալատում գործում է ժողովրդավարական կառավարման ձևը, և յուրաքանչյուր փաստաբան, ով ուներ 10 և ավելի տարվա մասնագիտական ստաժ, իրավասու էր ինքնաառաջադրվել: Իսկ թե ինչու չառաջադրվեցին, պարոն Զոհրաբյանը ենթադրում է՝ իրենք հավանաբար վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց վստահության քվեն կտրամադրի:

Արա Զոհրաբյանը վստահեցրեց, թե մեծամտությամբ չի տառապում, որ ինքը որևէ մեկից արժանիքներով լավն է, սակայն նաև կարծում է, որ երբ որոշ փաստաբաններ հայտարարում են որակյալ մեծամասնություն, վիրավորում են մյուսներին:

Այն քննադատություններին, թե ուռճացրել է փաստաբանների պալատի աշխատակազմը, պարոն Զոհրաբյանը պարզաբանեց՝ դեռ մի բան էլ իր աշխատավարձը՝ 750 հազարն է 300.000-ով պակասեցնելով: Ի վերջո, պարոն Զոհրաբյանը հավաստիացնում է, որ կարող են փաստաբանները գալ և դեմ քվեարկել իրեն:

Այն մեղադրանքներին, թե կարգապահական վարույթներ են հարուցվում այն փաստաբանների նկատմամբ, որոնք քննադատում են Արա Զոհրաբյանին, պարոն Զոհրաբյանը պատասխանեց, որ տուգանվել են Տիգրան Աթանեսյանն ու Արամազդ Կիվիրյանը, չորս տարվա ընթացքում պալատի խորհուրդը միայն երկու փաստաբանի արտոնագիրն է դադարեցրել 1852-ից՝ հիմքով, որ, օրինակ, մեկը գումար էր վերցրել, ծառայություն չէր իրականացրել, մյուսը վստահորդից ինքնախոստովանական ցուցմունք էր կորզել:

Դառնալով այն մեղադրանքներին, թե փաստաթղթերը գաղտնի են պահվում և չեն տրամադրում փաստաբաններին, պարոն Զոհրաբյանն ասաց. «Այդ նյութերը, որոնց հիման վրա վարույթ չի հարուցվում, լրիվ ընկնում են փաստաբանական գաղտնիքի տակ: Այդ նյութերը տրամադրելու իրավունք չունեմ, հակառակ դեպքում դա ընկնում է անձնական նյութերի գաղտնիության տակ»:

Դառնալով Արամազդ Կիվիրյանի հարցին՝ պարոն Զոհրաբյանն ասաց. «Արամազդ Կիվիրյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվել է իր նախկին վստահորդի դիմումի հիման վրա: Նա դիմել ու ասում է, որ Արամազդ Կիվիրյանն իր փաստաբանն է եղել մի գործով, որտեղ ինքը գույքային վեճ է ունեցել, հետո նա կնքել է հաշտության համաձայնություն, որից հետո գույքի մի մասն անցել է իրեն: Հետո Կիվիրյանի հետ ընդհանուր բարեկամական կապ ունեցող մի անձ դիմել է նրան և նախորդ վստահորդի հետ վեճ է ունեցել, հիմա ներկայացնում է մյուսին ընդդեմ նախորդ վստահորդի»:

Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ փաստաբանների հետ կապված 30 գործերից միայն 1-ի դեպքում է որոշում կայացվել. «Հայկ Ալումյանի նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է: Խորհուրդը որոշել է դիմել արդարադատության խորհրդին դատավորի վարքագիծը քննարկելու համար»:

Փաստաբանների՝ գործադուլի դիմելու քայլը պարոն Զոհրաբյանը չի ընկալում, նաև վստահեցնում, որ գործադուլավորների մեջ են նաև իրենց համախոհները. «Եթե այսօր երկու փաստաբան դուրս է գալիս ու ասում՝ մենք էլ հացադուլ ենք անում, ձեզ ի՞նչ է թվում. փաստաբանների պալատը պետք է գնա միանա՞: Մենք չենք մոռանում, որ ներկայացնում ենք 1800 փաստաբանի շահ և պետք է առավել հավասարակշռված ու համարժեք լինենք»:

Դառնալով փաստաբանների դժգոհությանը, թե իրենց ապօրինաբար խուզարկում են՝ պարոն Զոհրաբյանն ասաց. «Դա խուզարկություն չէ, զննություն է, այլ բան է, որ զննության գործընթացի հետ կապված խնդիրներ եմ տեսնում: Եթե փաստաբանները գտնում են՝ խուզարկություն է, առնվազն իրավապահներին պետք է հաղորդում ներկայացվեր… եթե չզննեն, պատկերացնո՞ւմ եք մեկը մի նռնակ անցկացնի ու տա այդ մարդկանց և դա նրանք օգտագործեն : Ես չեմ ասում կանցկացնեն փաստաբանները, բայց կարող է լինել մեկը, որ նման բան անի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930