Լսողական սարքի եւ հաշմանդամության սայլակի փոխարեն գումարը կտան` հավաստագրի տեսքով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության առաջիկա` սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգից: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վարչապետին որոշման նախագիծ կներկայացնի, որով առաջարկվում է պետական հավաստագրեր տրամադրել հաշմանդամություն ունեցող անձանց` սայլակ կամ լսողական սարք ձեռք բերելու նպատակով:
Հիշեցնենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց պետությունը, մինչ այս, անվճար տրամադրում էր լսողական սարք կամ սայլակ, պարբերաբար դժգոհություն էին հայտնում, որ դրանք, բազմաֆունկցիոնալ, արդյունավետ ու որակյալ չեն:
«Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ առաջարկել էր դրանց փոխարեն գումարը տրամադրել, որպեսզի հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնք ուզում են ավելի որակյալ ապրանք ունենալ, լրացուցիչ գումար ավելացնելով կարողանան իրենց նախընտրածը ձեռք բերել:
Կառավարության նիստում նաեւ կորոշվի սայլակի եւ լսողական սարքերի գնային արժեքը, հավաստագրի ձեւերը:
Նախարարն առաջարկում է 2017 թվականին հաշմանդամություն ունեցող անձի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը սահմանել 95 հազար դրամ, 30 տարեկան եւ ավելի բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 30 հազար դրամ, լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին եւ 18-ից մինչեւ 29 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը սահմանել 80 հազար դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ