Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյան. «Վարչապետի՝ ներդրումների մասին խոստումները իրականությանը չեն համապատասխանում»

Սեպտեմբեր 05,2017 13:37

ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը թերահավատորեն է մոտենում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Հայաստան խոշոր ներդրումներ բերելու մասին խոստումներին:

Այսօր «Փաստարկ» ակումբում տնտեսագետն անդրադառնալով ներդրումներին եւ նոր աշխատատեղերին եւ հղում անելով ԱՎԾ-ի՝ այս տարվա 7 ամիսների ցուցանիշներին, ասաց, որ ներդրումների հետ կապված ոչինչ չի փոխվել. «Այն, ինչ կար 2016 թվականին, այն, ինչ կար 2015 թվականին, այս միտումը շարունակվում է բացասական առումով»: Պարոն Խաչատրյանը նկատեց՝ ներդրումների համար համապատասխան դաշտ է հարկավոր, ցածր հարկային դաշտ չկա Հայաստանում, սրա հետ մեկտեղ հարկային դաշտն են ավելացնում.«Ներդրումների խոստումները իրականությանը չեն համապատասխանում: Ինձ համար կարեւոր է մի թիվ, ի վերջո, եթե ներդրում եք կատարում,ամենակարեւորը աշխատատեղ պետք է բացվի: Ըստ պաշտոնական վիճակագրության հունվար–հուլիս ամիսներին բացվել է 189 աշխատատեղ, թեեւ պաշտոնյաները նշում են 2500 աշխատատեղ: Կցանկանայի տեսնել, թե՝ որտեղ է այդքանը ստեղծվել»:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա տնտեսագետը նկատեց՝ տնտեսական աճին կարող են նպաստել Ռուսաստանից եկող տրանսֆերտները, քանի որ ՌԴ-ում տնտեսական որոշակի ակտիվություն է գրանցվել, ի տարբերություն նախորդ տարիների: ՀՀ-ում տնտեսական աճին, կարող են նպաստել, ինչպես Խաչատրյանն ասաց՝ շատ շոգն ու շատ ցուրտը: Այսինքն՝ շոգի եւ ցրտի արդյունքում մարդիկ ավելի շատ էլեկտրաէներգիա են ծախսում:
Խաչատրյանի խոսքերով՝ 3,5% տնտեսական աճն իրատեսական է նախորդ տարիների բացասական ֆոնին, սակայն այդ աճը քաղաքացիների բարեկեցության բարձրացման վրա ազդեցություն չի ունենա. «Մենք այդ աճի ազդեցությունը չենք չզգա, որովհետեւ հիմնական խնդիրը չի լուծվում: Իսկ հիմնական խնդիրը համակարգային փոփոխություններ են, եկամուտների վերաբաշխման այսօրվա գործող համակարգի փոփոխությունը: Եթե չկա այդ փոփոխությունը, եւ եթե տնտեսական աճ էլ լինի՝ էական ազդեցություն չի ունենա տնտեսական բարեկեցության վրա»:

«Ելք» դաշինքի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարության վերաբերյալ էլ ՀԱԿ անդամն ասաց՝ դա արհեստական է. «Այս հարցը ինչ-ինչ քաղաքական նպատակներով է բարձրացվել: «Ելք»-ը դրանով փորձում է քաղաքական դիվիդենտներ քաղել: Սակայն թույլ է, թող հիմնավորեն»:
Վահագն Խաչատրյանի կարծիքով՝ ընդհանրապես, կառավարության գործունեության մեջ տրամաբանություն չկա: Տնտեսագետի խոսքերով՝ կառավարությունը մշտապես
իրավիճակային լուծումներ է գտնում, իսկ ռազմավարական ծրագրերն ուշադրությունից դուրս են մնում, ուստի ոչ մի տրամաբանություն չկա կառավարության գործունեության մեջ»:
Վահագն Խաչատրյանն անտրամաբանական գործողություններ է նկատել նաեւ այլ ոլորտներում՝ աղբահանության եւ վճարովի ավտոկայանատեղիների, ինչպես նաեւ սննդի անվտանգության պետական ծառայության, որոնք քաղաքացիների հարկային բեռն ավելացնում են. «Աղբահանության այդ տուգանքները, թարս կողմից են գալիս: Նախ լուծեք աղբահանության հարցը, մեկը՝ Նուբարաշենի աղբավայրը, որտեղ վերամշակման գործարան պիտի ստեղծվեր: Սրանք արեք, հետո պահանջեք՝ աղբը, ծխախոտը մի նետեք: Եթե մաքուր եղավ՝ մարդիկ չեն նետի»:

Բացի այս, տնտեսագետը նաեւ նկատեց՝ եթե երկու տարի քաղաքացիների աշխատավարձերը չեն բարձրացել, թոշակները չեն բարձրացել, ապա ինչից ելնելով են ջրի սակագինը բարձրացնում, կամ աղբ թափելու համար տուգանք սահմանում:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930