Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում որոշ լրագրողներ բնակարաններ են ստանում, որոշներն էլ՝ բանտախցեր. The Washington Post

Սեպտեմբեր 05,2017 12:55

Հուլիսի 22-ին Ադրբեջանում «Մամուլի ազգային օրը» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 255 բնակարան նվիրեց լրագրողներին: Լրագրողների համար բնակարանների կառուցման մասին նա հայտարարել էր դեռ 4 տարի առաջ: Երկու անգամ էլ օգտագործել էր միևնույն բառերը՝ «խոսքի ազատությունն Ադրբեջանում ապահովված է»: Այս մասին իր խմբագրականում գրում է ամերիկյան The Washington Post-ը:

Ու թեև Ադրբեջանի առաջնորդը խոսում է ազատության մասին, բայց իրեն պահում է բռնակալի պես: Ալիևի իշխանության օրոք շարունակական պատժիչ արշավ է ընթանում այլախոհ գիտնականների, մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների նկատմամբ: Դրանցից մեկը Խադիջի Իսմայիլովան է՝ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը, որի խիզախ հետաքննությամբ բացահայտվել էր Ալիևների ընտանիքի անդամների թաքնված հարստությունը և այլ ճշմարտություններ: Դրա պատճառով Իսմայիլովան հայտնվեց բանտում և ազատ արձակվեց 18 ամիս անց՝ 2016թ. մայիսին: Ի պատասխան բնակարանների բաշխման՝ Իսմայիլովան գովեստի խոսքեր էր հնչեցրել նրանց հասցեին, ովքեր «հաղթահարել են իրենց ցանկությունները և որպես կաշառք բնակարաններ չեն ստացել»:

Պարոն Ալիևը, որն իշխանությունը ժառանգել է հորից՝ նավթով հարուստ նախկին խորհրդային հանրապետության առաջնորդից, կառավարում է ուժով և պարգևատրում է նրանց, ովքեր իրեն հավատարիմ են, շարունակում է թերթը: Հենց վերջերս Ադրբեջանի իշխանությունները բանտ նստեցրին Ադրբեջանի վերջին անկախ լրատվական գործակալության՝ «Թուրանի» տնօրեն Մեհման Ալիևին՝ նրան մեղադրելով օրենքի խախտման մեջ:

Իշխանությունները նաև քննություն են սկսել լրատվամիջոցի նկատմամբ՝ հարկերից խուսափելու և այլ օրինախախտումների մեղադրանքով: Այդ բոլոր մեղադրանքները նպատակ ունեն վախեցնել խմբագրին և կազմակերպությանը:

Դեռ հուլիսի 19-ին՝ մամուլի ազգային օրվան ընդառաջ, Ալիևը հայտարարել էր, որ դեռ 3 տարի առաջ կառավարությունն իրեն խնդրել էր «Թուրանի» լրագրողներին ներառել բնակարան ստացողների թվում: Սակայն «Թուրանի» լրագրողները մերժել էին՝ պատճառաբանելով, որ լրագրողը պետք է մնա անկախ, և որ կառավարությունից բնակարան ստանալը հավասար է կաշառք վերցնելուն: Դրանից մի քանի շաբաթ անց սկսվեցին ճնշումները:

Օգոստոսի 7-ին երկրի մաքսային տեսչությունը հայտարարեց, որ «Թուրանի» դեմ քննություն է ընթանում՝ հարկերից խուսափելու պատճառով: Օգոստոսի 16-ին լրատվամիջոցում ստուգայց իրականացվեց, առգրավվեցին փաստաթղթերը և մեկ համակարգիչ: Օգոստոսի 25-ին Բաքվի դատարանը 3 ամսով կալանավորեց Մեհման Ալիևին, նրան սպասվում է մինչև 7 տարվա ազատազրկում: «Թուրանի» բանկային հաշիվները սառեցվել են, իսկ անձնակազմը հայտարարել է, որ ժամանակավորապես կդադարեցնի գործունեությունը:

«Թուրանի» ղեկավարը միակը չէ. այլ լրագրողներ ու բլոգերներ էլ շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում: Նրանք բոլորը պետք է ազատ արձակվեն: Իսկ մինչ այդ, ոչ մեկ չպետք է խաբվի ո՛չ մամուլի ազատության մասին նախագահի գեղեցիկ խոսքերով, ոչ էլ լրագրողներին կաշառելու նրա փորձով: Ճշմարտությունը չի կարող բանտարկվել կամ կաշառվել, եզրափակում է թերթը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930