Սեպտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։
Չինաստանը մեծ ուշադրություն է ցուցաբերում ռազմական կրթությանը։ Երկրում գործում են մի շարք ռազմակրթական հաստատություններ, որոնք մասնագետներ են պատրաստում ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ երկրների զինված ուժերի համար։ Ազգային պաշտպանության ակադեմիան ՉԺՀ առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։
Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը գոհունակությամբ է խոսել տարիների ընթացքում կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսևորում են բացառապես դրական կողմերով և փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։
Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ, որի ընթացքում անդրադարձել է հայ-չինական պատմական ընդհանրություններին, հայկական բանակի ձևավորման փուլերին, ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդիրը, ինչպես նաև խոսել տարածաշրջանային հիմնախնդիրների մասին՝ ժամանակակից մարտահրավերների լույսի ներքո։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև ակադեմիայի սաների հարցերին։
Դասախոսության ավարտին Վիգեն Սարգսյանը շրջել է ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական ծրագրերին և կրթական հնարավորություններին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ