ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Ազատ առեւտրի գոտու մասին 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների միջեւ պետական գնումների կարգավորման կանոնների եւ ընթացակարգերի մասին» արձանագրությունը վավերացնելուն: Խոսքը ԵԱՏՄ տարածքում պետական գնումների մասին հայտարարությունների`ռուսերեն լեզվով հրապարակվելու մասին է:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ պետական գնումների ժամանակ հիմնականում առաջնորդվում են ցածր գներով, ինչը որակի վրա է ազդում: Հարցը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը հավաստիացրեց`ուշադրություն են դարձնելու ոչ միայն ցածր գնին, այլ նաեւ գնումների արդյունավետությանը:
Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նկատեց. «Սա դրական միտումներ ունի»: Եվ հարցը զեկուցողից հետաքրքրվեց`հաշվարկներ կա՞ն, ի՞նչ առեւտրաշրջանառություն կունենա Հայաստանը եւ ի՞նչ օգուտներ կարող են լինել:
Փոխնախարարն ասաց, որ ժամանակը կարճ է եղել, թվային հաշվարկներ դեռ չեն արել, բայց վերջին վեց ամիսների տվյալներով մրցույթներին մասնակցությունը 10-15 տոկոսով ավելացել է:
Քննարկումները ծավալվեցին պետական գնումների շուրջ ընդհանրապես: Պետական գնումների ծավալները Հայաստանում 87 միլիարդ դրամ են կազմում:
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել
Մելքումյանն արծարծեց պետգնումների համար առաջարկվող գումարների հարցը. «Դրանք հաճախ շատ անտրամաբանական են լինում`շուկայում առկա գների հետ համեմատ: Իսկ որակ, ընդհանրապես չի ապահովվում»
Փոխնախարարը խոստացավ, որ առաջիկայում ավելի թափանցիկ կլինի պետգնումների ընթացակարգը իրենք «բարձր գլխով կքայլեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ