Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարում՝ հանուն ԵՄ-ի հետ Ասոցացման նոր համաձայնագրի ստորագրման անխափանությա՞ն

Սեպտեմբեր 05,2017 11:58

«Քիչ հավանական եմ համարում, որ զորավարժություններին չմասնակցելու հանկարծակի որոշման բուն պատճառն Ադրբեջանի անսպասելի մասնակցությունն է»,- Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու հանկարծակի որոշման պատճառը. ոուսական կողմի ճնշո՞ւմ, թե՞ այն, որ հանկարծ պարզ դարձավ՝ Ադրբեջանն էլ է մասնակցելու զորավարժություններին, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը վերջին պահին որոշեց չմասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին:

Հիշեցնենք՝ օրեր առաջ, երբ տեղեկություն տարածվեց զորավարժությունների մասին, մասնակից երկրների շարքում չէր նշվում Ադրբեջանի անունը, այլ նշվում էր, որ զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից, Վրաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից և Ուկրաինայից ներկայացուցիչներ:

Մարթա Այվազյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Ըստ Մարթա Այվազյանի՝ առավել հավանական է այն, որ հայկական կողմը զորավարժություններին չմասնակցելու որոշում է կայացրել ռուսական կողմի ճնշման ներքո. «Չնայած ես չեմ բացառում նաև, որ այս որոշումը կայացվել է առանց ռուսական կողմի որևէ միջամտության և ՀՀ իշխանություններն ենթադրում են այս քայլով ապահովել հնարավորինս անխափան ճանապարհ դեպի ԵՄ-ի հետ Ասոցացման նոր համաձայնագրի ստորագրումը»:

Մեր հարցին՝ չմասնակցելով Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին՝ Հայաստանն ի՞նչ է շահում և ի՞նչ կորցնում, տիկին Այվազյանը պատասխանեց. «Անկախ նրանից, թե ինչով է պայմանավորված զորավարժություններին չմասնակցելու որոշումը և, եթե նույնիսկ ենթադրենք, որ այս տակտիկական քայլով ՀՀ իշխանությունները փորձում են որևէ այլ, ավելի սկզբունքային և երկարաժամկետ նշանակություն ունեցող խնդիր լուծել, Հայաստանն այս որոշումով հերթական անգամ ցույց տվեց միջազգային հարթակում իր թուլությունը, իր կախվածությունը երրորդ երկրների, միջազգային կառույցների հետ Ռուսաստանի հարաբերություններից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930