Հայ հանրության կողմից շարունակվում է բուռն քննարկվել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը՝ անվանափոխել բոլշեւիկների անուններ կրող մայրաքաղաքի փողոցներն ու դպրոցները։ «Ելք»-ն առաջարկում է Կասյան փողոցը, օրինակ, անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը՝ ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը՝ Քըրք Քըրքորյանի։ Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել՝ ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը՝ Մոնթե Մելքոնյանի։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Լենինգրադյան փողոցին, ասել է, որ այս դեպքում անվանափոխությունը նպատակահարմար չէ։ Նա շեշտել է, որ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են եւ քույր քաղաքներ են։ Ինչ վերաբերում է մյուս փողոցներին, Տ. Մարգարյանը նշել է, որ որոշում կայացնելու հարցում չեն շտապում։
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի հետ։
Պարոն Շահումյանը շեշտեց, որ փողոցների անվանափոխումը քաղաքական խնդիր չէ եւ մեկ օրվա լուծելիք հարց չէ. «Դա անհատի կամ կուսակցության խնդիր չէ։ Պետք է լինի լուրջ հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն պատմաբաններ։ Իհարկե, կան փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են, բայց չպետք է շոշափել մարդկանց անուններ, որոնք մեր երկրի կայացման հարցում մեծ դեր են ունեցել։ Բակունցի պես մարդուն պարտադրել են Չարենցի դեմ գրել, հիմա ի՞նչ՝ բռնենք Բակունցի հետ կապված ամեն ինչ ոչնչացնե՞նք։ Հարյուր տարի անց շատ դժվար է դատողություններ անել։ Չէ՞ որ մեր օրերի պատմությունն է մեր աչքի առջեւ խեղվում, ուր մնաց՝ անցյալի պատմությունը չխեղաթյուրվի։ Ժողովուրդը սովորել է եղածը ոչնչացնել, տեղում նոր բան դնել։ Բայց նորն էլ միշտ չէ, որ արդարացված է։ Մեր օրերում էլ կան «հերոսներ» որոնք արժանի չեն հերոս կոչվելու»:
Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Հակասովետական դիրքորոշում արտահայտող մարդուն հավատում եմ միայն այն դեպքում, եթե կան փաստեր այն մասին, որ սովետական ժամանակ նա կամ նրա ծնողները ևս եղել են այդպիսին. նստել են բանտերում, պայքարել են սովետական իշխանության դեմ, հալածվել են նրա կողմից: Եթե անցյալդ այդպիսին չէ, իսկ հիմա վատաբանում են ԽՍՀՄ, ուրեմն, դու ստում ես կամ փորձում ես տրենդի մեջ լինել կամ պատվեր ես կատարում: