Լրահոս
Օրվա լրահոսը

Խնդիրն ավելի բարդ է, քան ՆԱՏՕ-ի զորավարժությունները. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 05,2017 11:48

Սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու փաստն ընդամենը մեկ օրվա ընթացքում վերածվեց երկրի ներքաղաքական դիսկուրսի թիվ մեկ հարցի՝ ստվերելով նման քարոզչական «ռասկրուտկայի» իրական շարժառիթները։

Ի վերջո՝ ամեն մի անկախ երկիր ինքն է որոշում այս կամ այն զորավարժությանը մասնակցել-չմասնակցելու հարցը։

Ավելին՝ պարզվում է, որ վերջին պահին Վրաստանի ՊՆ-ի ներկայացուցչի տարածած հայտարարությունն առ այն, թե իբր մեր երկիրը նախապես պատրաստ է եղել մասնակցելու զորավարժություններին, իրականությանը չի համապատասխանում, քանզի Հայաստանը չի հաստատել իր մասնակցությունը։

Թվում է, թե այսքանը միանգամայն բավարար է, որ հարցը համարվի փակված, մնացածը թողնելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ առաջիկայում սպասվող պարզաբանումներին։ Բայց արի ու տես՝ վերջին ամիսներին մեզանում արդեն ձեւավորված ու անխափան աշխատող սխեմայով Հայաստանի ներքաղաքական օրակարգ է տեղափոխվում այն գաղջ ու վտանգավոր մթնոլորտի տրամաբանությունը, որը գոյություն ունի Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում։ Մեր իշխանությունների ու քաղաքական ուժերի որեւէ քայլ փորձ է արվում անցկացնել ռուս-ամերիկյան գլոբալ դիմակայության ֆիլտրի միջով՝ երկրին ու ժողովրդին կանգնեցնելով ընտրության պարտադրանքի առաջ։
Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ խնդիրն իրականում շատ ավելի բարդ է, քան ՆԱՏՕ-ի այս կամ այն զորավարժությանը մեր մասնակցության հարցը։ Եթե դա այդքան անլուծելի խնդիր լիներ, ապա մեկ ամիս առաջ Հայաստանը չէր մասնակցի Վրաստանում տեղի ունեցած նույնատիպ մեկ այլ զորավարժությանը։

Եվ պետք չէ ճգնել պատճառաբանել, թե ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժությունների մեկնարկը համընկել է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տարեթվի՝ սեպտեմբերի 3-ի հետ։ Չմոռանանք, որ մեր մասնակցությամբ Վրաստանում տեղի ունեցած նախորդ զորավարժությունն էլ համընկավ 2008թ. ռուս-վրացական զինաբախման տարելիցին եւ ոչ ոք դրանում չտեսավ Հայաստանի հակառուսական, կամ արեւմտամետ դեմարշի նշույլն անգամ, եթե հաշվի չառնենք ալիեւյան haqqin.az-ի սադրիչների բարբաջանքները՝ պաշտոնական Երեւանի քաղաքական կողմնորոշման փոփոխության շուրջ։

Ստացվում է, որ ոչնչից սենսացիա սարքելու միջոցով փորձ է արվում մեր երկիրը դնել «կամ-կամ»-ի առաջ՝ նրան պարտադրելով անպայման անցնել գլոբալ դիմակայության մասնակիցներից որեւէ մեկի կողմը եւ հրապարակավ հայտարարել այդ մասին։ Ընդ որում՝ պարտադրանքն ակնհայտորեն գալիս է արեւմտյան որոշակի շրջաններից ու նրանց ձեռքին խաղալիք դարծած քարոզչական համակարգից։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930