2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր, Հայաստանում զբաղվածների թվաքանակը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 1 միլիոն 164 հազար մարդ։ Անդամակցության առաջին իսկ տարում զբաղվածների թվաքանակը նվազեց ավելի քան 30 հազարով ու կազմեց 1 միլիոն 133 հազար մարդ։ 2015 այդ ցուցանիշը նվազեց եւս 60 հազարով եւ դարձավ 1 միլիոն 72 հազար մարդ։ Անցած տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, զբաղվածների թիվը Հայաստանում ընդամենը 1 միլիոն 6 հազար էր։
Այս դեպքում եւս կարող են հնչել պատճառաբանություններ, թե սա կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ։ Այդ դեպքում նման պատճառաբանությունների հեղինակները պետք է բացատրեն, թե երեք տարվա ընթացքում ուր կորան 160 հազար զբաղվածները։ Արդյոք նրանց հիմնական մասին պետք չէ՞ փնտրել «170 միլիոնանոց» շուկայում։ ԵՏՄ-ի գաղափարախոսությամբ սահմանված աշխատուժի ազատ տեղաշարժը հանգեցրեց նրան, որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները մշտապես մնացին ՌԴ-ում։ Փաստորեն մեր աշխատուժը այն հիմնական «ապրանքն» էր, որը մենք հաջողությամբ արտահանեցինք «170 միլիոնանոց» շուկա։
Աշխատուժի ազատ տեղաշարժի, կամ այլ կերպ ասած՝ ազատ շուկայի սկզբունքները, սակայն, այդպես էլ չեն տարածվում, օրինակ, էներգակիրների վրա։ Էներգակիրների միասնական շուկային ԵՏՄ առաջնորդները մտադիր են անցնել միայն 2025 թվականին։ Ու արդյունքում ստացվում է մի աբսուրդ պատկեր, որը ոչ մի կերպ չի կարող տեղավորվել տնտեսագիտական տարրական տրամաբանության մեջ։ Պատկերը հետեւյալն է՝ հայ եւ ռուս արտադրողները գտնվում են միեւնույն տնտեսական տարածքում՝ ԵՏՄ-ում։ Բայց հայ արտադրողը իր արտադրանքի վրա ծախսվող գազը եւ նավթամթերքը գնում է մոտ երկու անգամ ավելի թանկ գնով, եւ դա ներառվում է նրա արտադրանքի ինքնարժեքի մեջ։ Ու ստացվում է, որ միեւնույն ապրանքը մեզ մոտ արտադրելիս ունենում է շատ ավելի բարձր ինքնարժեք, քան Ռուսաստանում արտադրածը։ Բայց այդ արտադրողները իրար հետ մրցում են միեւնույն տնտեսական տարածքում։ Սա նույնիսկ աբսուրդ չէ, սա տարրական իդիոտիզմ է։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում