Լրահոս
Օրվա լրահոսը

Ճնշում Մոսկվայի՞ց, թե՞ հաշվարկված քայլ

Սեպտեմբեր 05,2017 10:28

Չի կարելի բացառել, որ Մոսկվան պահանջած լինի հայկական
կողմից չմասնակցել Agile Spirit զորավարժություններին

Դեռ օգոստոսի վերջից վրաստանյան լրատվամիջոցները հայտնում էին, որ Հայաստանը Վրաստանում մասնակցելու է սեպտեմբերի 3-ից արդեն իսկ մեկնարկած եւ մինչեւ սեպտեմբերի 11-ը շարունակվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: civil.ge-ն օգոստոսի 29-ին վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը՝ հայտնում էր, որ զորավարժություններին մասնակցելու են Վրաստանը, Հայաստանը, Ուկրաինան, Բուլղարիան, Լատվիան, Ռումինիան:

Զորավարժությունների նպատակն է ընդլայնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում, ինչպես նաեւ փոխգործակցությունն ԱՄՆ-ի եւ այլ գործընկեր երկրների միջեւ: Agile Spirit զորավարժությունները՝ սկսած 2011-ից, անցկացվում են ամեն տարի Վրաստանում, նախապես դրանց մասնակցում էին միայն երկու երկիր՝ ԱՄՆ-ը եւ Վրաստանը, այնուհետեւ 2015-ից միացան նաեւ այլ երկրներ:

Սեպտեմբերի 1-ին «Ամերիկայի ձայն»-ը, անդրադառնալով զորավարժություններին, հայտնում էր, որ Պենտագոնի հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար ԱՄՆ-ից ժամանել են 500 զինծառայողներ: «Ամենամյա բազմազգ զորավարժություններն անցկացվում են արդեն 7-րդ անգամ: Դրանք նպատակ ունեն բարձրացնելու ԱՄՆ-ի, Վրաստանի եւ տարածաշրջանային գործընկերների միջեւ համատեղ գործողությունների հնարավորությունները, ինչպես նաեւ ամրապնդելու մարտավարության, մեթոդների եւ գործընթացների փոխըմբռնումը»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 3-ին, սակայն, հայտնի դարձավ, որ Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Ընդ որում, եթե նախկինում Ադրբեջանի մասնակցության մասին տեղեկություն չկար, պարզվեց՝ Ադրբեջանը մասնակցում է նշյալ զորավարժություններին:

Ակնհայտ էր, որ սա անակնկալ որոշում էր: Վրացական կողմի տարածած հրապարակումներում անգամ զորավարժությունների լոգոյում Հայաստանի դրոշը կար: Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Կաչարավան. «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը՝ ինձ հայտնի չէ»: Agile Spirit 2017 զորավարժություններին Հայաստանից երեք ռազմական բժիշկ պետք է մասնակցեր՝ նշել էր վրաց պաշտոնյան` հավելելով, որ նրանց բացակայությունը «էական ազդեցություն չի ունենա վարժանքների ընթացքի վրա»:

Սեպտեմբերի 3-ին լրատվական դաշտում, սոցցանցերում Agile Spirit զորավարժություններին Հայաստանի չմասնակցությունը բուռն քննարկումների տեղիք տվեց: Մեկ օրվա լռությունից հետո սեպտեմբերի 4-ին թեմային անդրադարձավ Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը` նշելով, թե Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին: Նա նշել էր, որ պլանավորում է եղել, բայց մասնակցությունը չի հաստատվել, իսկ պլանավորման մեջ որոշակի վերանայումներ են եղել. «Դա պաշտոնապես հայտարարված չի եղել, որ մասնակցելու ենք եւ հիմա էլ ասում ենք՝ չենք մասնակցելու»: Հարցին՝ ՀԱՊԿ-ի միջամտություն չկա՞ր, Արտակ Զաքարյանը վստահեցրել է՝ որեւէ միջամտություն չկա: Իսկ դիտարկմանը, թե Հրանտ Մարգարյանն ասել է, որ մենք այլ ռազմաքաղաքական ճամբարում ենք, եւ դա է պատճառը, որ չենք մասնակցում, Արտակ Զաքարյանը պատասխանել է. «Իսկ ձեզ համար նորությո՞ւն է, որ մենք ՀԱՊԿ-ի համակարգում ենք 92-ից»: Բայց այն, որ ՀԱՊԿ-ն է խոչընդոտել, Զաքարյանը հերքում է. «Խոչընդոտող ոչինչ չկա: ՆԱՏՕ-ն մեր գործընկերն է, մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք եւ մեր անվտանգության ամենագլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգում ենք տեսնում: Մնացած բոլոր մեր համագործակցության խնդիրները դուք անընդհատ ուզում եք սեւ ու սպիտակի բաժանել: Նման բան գոյություն չունի»: Այն, որ Ադրբեջանը մասնակցում է զորավարժությանը, մենք՝ ոչ, ըստ Արտակ Զաքարյանի՝ ոչինչ չի ասում. «Նախորդ զորավարժություններին մենք մասնակցեցինք, Ադրբեջանը չմասնակցեց, ի՞նչ փոխվեց Ադրբեջանի կյանքում կամ մեր կյանքում ի՞նչ փոխվեց, բան չփոխվեց, չէ՞»:

Այնուհետեւ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որում նշեց, որ ՀՀ զինված ուժերի համար ի սկզբանե զորավարժություններին չմասնակցելու որոշում է կայացվել եւ մասնակցության հայտ չի ներկայացվել. «Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:

Այս դեպքում, թե ինչո՞ւ է վրացական կողմի համար անակնկալ դարձել Հայաստանի չմասնակցության որոշումը, ինչո՞ւ է ՀՀ դրոշը հայտնվել զորավարժությունների լոգոյի վրա, մնում է անհայտ: Վրաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը ստե՞լ է, երբ հայտարարել է, թե «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին»: Հուսանք՝ սա չի անդրադառնա Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա:

Հայկական կողմի մեկօրյա լռությունը որոշ ենթադրությունների առիթ, այնուամենայնիվ, դառնում է: Քննարկվում էր տարբերակը, թե հայկական կողմը հնարավոր է Ադրբեջանի հանկարծակի մասնակցության պատճառով է որոշել չմասնակցել զորավարժություններին: Բայց, դատելով Արտակ Զաքարյանի գնահատականներից, կարելի է եզրակացնել, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանի մասնակցությունը չի եղել պատճառը:

Թեեւ պաշտոնական Երեւանը հորդորում է «արտառոց որեւէ բան չտեսնել» Հայաստանի չմասնակցության հետ կապված, ամեն դեպքում որոշ եզրակացություններ կարելի է անել:

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մասնակցեց ՆԱՏՕ-ի խոշոր երկու զորավարժություններին: Ռումինիայում հուլիսի 11-20-ը կայացան ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները, իսկ հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը Վրաստանում կայացավ ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 զորավարժությունը: Saber Guardian 2017 երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժություններին մասնակցեցին մոտավորապես 25 հազար զինվորականներ 23 երկրներից: Դրանք ղեկավարում էր ԱՄՆ Ցամաքային ուժերի եվրոպական հրամանատարությունը (USAREUR): Իսկ Noble Partner 2017-ը զորավարժություններ Վրաստանում անցկացվեցին երրորդ անգամ, որին առաջին անգամ մասնակցեց նաեւ Հայաստանը: Նախորդների համեմատ այս տարվա զորավարժությունները ամենախոշորն էին:

Չի կարելի բացառել, որ հուլիսին այս երկու զորավարժություններին մասնակցելով` պաշտոնական Երեւանը վերջին պահին որոշել է Agile Spirit 2017 զորավարժություններին չմասնակցել: Նման որոշումը կունենա որոշակի բացատրություն. Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին օրերի իրադարձություններն են, որոնք արդեն մի հարթությունում են գտնվում, երբ դժվար է արդեն կանխատեսել, թե արդյո՞ք մոտ ապագայում հնարավոր է հարթել դրանք: Հնարավոր է, այս իրավիճակում Հայաստանը որոշել է կտրուկ քայլի չդիմել, որպեսզի անհարկի չզայրացնի Մոսկվային:

Չի կարելի բացառել նաեւ ավելի կոշտ տարբերակը, երբ Մոսկվան ուղղակի պահանջած լինի հայկական կողմից չմասնակցել Agile Spirit զորավարժություններին, ինչը արդեն նոր, ավելի մտահոգիչ ենթադրությունների ու եզրակացությունների համար հիմք կարող է հանդիսանալ:

Ինչեւէ, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգացման իրենց բավական կարեւոր ուղին են անցել, եւ այն, ինչին հնարավոր է եղել հասնել մինչ այժմ, հիմք են տալիս կանխատեսելու, որ հարաբերությունների խորացումը տարբեր ուղղություններում դեռ պետք է շարունակվի:

Հարկ է հիշեցնել մի հիշարժան իրադարձություն: 2004թ. սեպտեմբերին ՆԱՏՕ-ի` Եվրոպայում Միացյալ ուժերի գերագույն հրամանատար գեներալ Ջեյմս Ջոնսը չեղյալ հայտարարեց Ադրբեջանում նախատեսված զորավարժությունները, որին պետք է մասնակցեր շուրջ 1000 զինվորական տարբեր երկրներից: Պատճառն այն էր, որ Բաքուն մերժել էր այդ զորավարժություններում հայ զինվորականների մասնակցության հնարավորությունը: Առանց չափազանցության կարելի է արձանագրել, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 13-26-ը Բաքվում ծրագրված «Համատեղ լավագույն ջանք-2004» զորավարժությունները չեղյալ հայտարարելու փաստը ծանր հարված էր Ադրբեջանի միջազգային վարկին ու հեղինակությանը: Ադրբեջանում կարծում էին, թե քանի որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի անդամ է, ՆԱՏՕ-ն աչք կփակի իրենց քմահաճույքների վրա: Ալիեւը մի կողմից՝ խոստանում էր ՆԱՏՕ-ի գեներալներին ու վստահեցնում, որ կապահովի հայ սպաների մասնակցությունը, իսկ մյուս կողմից՝ հակահայ տրամադրություններ հրահրում Ադրբեջանում: ՆԱՏՕ-ն դա չհանդուրժեց` իր քայլով ապացուցելով, որ ամեն ինչ անում է գործընկերության սկզբունքներին հավատարիմ մնալու համար:

Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցությունը, հուսանք, նստվածք չի թողնի Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային սկզբունքներով հավատարիմ հարաբերությունների վրա:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 05.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930