ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում բռկված հրդեհի տարածքում ամբողջ գիշեր տարվել են հրդեհաշիջման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է 154 հրշեջ-փրկարար:
Ժամը 06:20-ին ՀՀ ՊՆ ուղղաթիռով իրականացվեց օդային հետախուզություն, որի արդյունքում ճշտվեցին հրդեհի օջախների վայրերը և դրանց զարգացման ուղիները:
Ուղղաթիռի օգնությամբ առավել վտանգավոր տեղամասեր իջեցվեցին փրկարար-դեսանտայիններ, որոնց առջև խնդիր է դրված տեղայնացնել և մարել հրդեհի օջախները: Տարածքում առկա են գրունտային ճանապարհներ և անցուղիներ, որոնք նպաստում են հրդեհաշիջման աշխատանքներին: Հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում:
***
Ժամը 23:00-ին դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում է 133 հրշեջ-փրկարար, 15 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա:
Ժամը 22:30-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան. կան պասիվ ծխացող օջախներ: Այրված մակերեսը կազմում է 80 հա:
Ժամը 17:00-ի դրությամբ հրդեհի վայրում առկա է հրդեհի 3 օջախ: Տեղում գործում է հրդեհաշիջման շտաբ, ներգրավված է 4 օպերատիվ խումբ և 8 մարտական հաշվարկ:
Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից դեպքի վայր են մեկնել նոր ուժեր:
Նշենք, որ հարակից բնակավայրերին վտանգ չի սպառնում: Հրդեհի վայրում առկա է քամի, որը խոչընդոտում է հրդեհաշիջման աշխատանքներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 136 հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 54 զինծառայող, անտառտնտեսության 30, ոստիկանության 25, քաղաքապետարանից 20 աշխատակից և Բյուրական ու Օրգով գյուղերից շուրջ 115 բնակիչ:
***
Սեպտեմբերի 3-ին, ժամը 15:26-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղին հարակից սարին՝ անտառում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Տեղում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը:
Նախնական տվյալների համաձայն՝ մոտ 20 հա տարածքում այրվել է բուսածածկ և անտառածածկ տարածք:
ՀՀ ԱԻՆ