Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Ջուլֆալակյան. «Պարտերը ըմբշամարտի աղն ու պղպեղն է»

Սեպտեմբեր 04,2017 21:07

«Մեր ըմբիշների մրցելույթներն աշխարհի առաջնությունում ստացված են: Մեդալները եւ հաղթանակները համարում եմ գերազանց արդյունք: Բայց, նաեւ չկա աշխատանք առանց բացթողումների»,- այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Ընդհանուր առմամբ գոհ եմ աշխարհի առաջնությունում հավաքականի ելույթներից: Արթուր Ալեքսանյանի վրա մեծ ճնշում կար՝ վնասվածքներ, սայթաքում Եվրոպայի առաջնությունում: Բայց մենք մեծ սպասելիքներ ունեինք, եւ նա հերթական անգամ արդարացրեց իրեն: Արթուրն ապացուցեց, որ իր քաշային կարգում լավագույնն է:

Մաքսիմ Մանուկյանը բոլոր գոտեմարտերն անցկացրեց մեկ շնչով: Բոլորը հիացած էին: Նա միակ ըմբիշը դարձավ աշխարհի առաջնությունում, որ բոլոր գոտեմարտերում հաղթեց հնարքներով: Մաքսիմ Մանուկյանի եւ Արթուր Ալեքսանյանի հնարքներն այս առաջնությունում ճանաչվեցին ամենագեղեցիկը:

Մաքսիմը ըմբշամարտում լուրջ ճանապարհ է անցնել: Մինչեւ աշխարհի առաջնությունը նրան փորձարկել էինք 80 կգ քաշային կարգում եւ համոզվել, որ առավելություն ունի մրցակիցների նկատմամբ:

Վազգեն Խաչատրյանը 59 կգ քաշային կարգում շատ պետք է աշխատի: Նա հեռանկարային մարզիկ է:

Կարեն Ասլանյանը (66 կգ) լավ գոտեմարտեր անցկացրեց: Աշխարհի առաջնության 5-րդ տեղը գովելի արդյունք է: Նրա հետ զրուցել եմ, բացատրել թերությունները եւ սխալները շտկելու դեպքում, անպայման, արդյունքի կհասնի:

Զարմանալի, անհասկանալի էր Վարշամ Բորանյանի մասնակցությունը (71 կգ): Մարզիչներով վերլուծել ենք նրա գոտեմարտը: Հավանաբար, նա չկարողացավ քաշը ճիշտ կարգավորել, որքան էլ մենք այդ ուղղությամբ աշխատեցինք: Նա պետք է մեդալի համար պայքարեր:

75 կգ Կարապետ Չալյանից նույնպես մեդալի ակնկալիք ունեինք: Պարտվեց սերբ ըմբիշին, որը դարձավ աշխարհի չեմպիոն: Թեթեւ սայթաքում եղավ, որը լուրջ վրիպում ստացվեց: Ըմբշամարտի այսօրվա օրենքներն այդպիսին են: Մտածում էի, որ նա եզրափակչում կլինի: Ամեն դեպքում գոհ եմ Չալյանի մրցելույթներից:

85 կգ Արթուր Շահինյանը առաջին գոտեմարտում վստահ հաղթեց: Երկրորդում մրցավարները հաղթանակը տվեցին մրցակցին: Ամեն դեպքում, Շահինյանի առավելությունն իսկապես ակնհայտ էր»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930