Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով մայրաքաղաքի տարածքում առկա կիսակառույց շինություններին և այն տարածքներին, որտեղ նախատեսվել են քաղաքաշինական ծրագրեր, բայց չեն իրականացվել, խնդրի լուծման նպատակով, աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է գույքագրել այդ տարածքները և հստակ ծրագիր կազմել՝ տարանջատելու վերոնշյալ տարածքները 3 կատեգորիաների՝ գերակա շահ ճանաչված հողատարածքներ, տարածքներ, որտեղ շինարարությունն սկսվել, բայց դադարեցվել է և կառավարության որոշումներով հատկացված տարածքներ, որտեղ հաստատված ծրագրերը մինչ օրս կյանքի չեն կոչվել:
«Հնարավորին կարճ ժամկետում պետք է հստակ պատկեր ունենանք՝ մեր հետագա անելիքները կազմակերպելու համար: Յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ պետք է լինի առանձին որոշում: Համապատասխան իրավական փաթեթի առկայության դեպքում մենք կորոշենք, թե ինչպես կազմակերպել գործընթացը և լուծում տալ այս խնդրին: Կան կազմակերպություններ, որոնք տարիներ շարունակ, նախագծերի մեջ կատարելով որոշակի փոփոխություններ, երկարացնում են շինթույլտվության ժամկետները: Կառուցապատողները պետք է հստակ գիտակցեն, որ քաղաքի հանդեպ ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում նրանց հանդեպ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարան