2015 թ. սեպտեմբերի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքի դրույթների կոպիտ խախտմամբ թույլատրել է «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնել իրավապաշտպան Մարինա Պողոսյանի նկատմամբ:
«Ներքին դիտումը» օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակ է, որի ընթացքում իրավապահ մարմնի ներկայացուցիչները հետևում են անձին, վերահսկում նրա գործողությունները իր բնակարանում և արձանագրում դիտման արդյունքները: Դա կարելի է իրականացնել ինչպես հատուկ տեխնիկական սարքերի միջոցով, այնպես էլ առանց դրանց:
Ընդ որում՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ և անհրաժեշտ տեղեկատվությունն ուրիշ որևէ միջոցով ձեռք բերել հնարավոր չէ:
Մինչդեռ Մարինա Պողոսյանը 2015 թ. օգոստոսի 17-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ներգրավված չի եղել: Եվ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական գործողություն իրականացնելու որոշումից օրեր անց՝ 2015թ. սեպտեմբերի 14-ին, հարցաքննվել է որպես վկա, իսկ շուրջ մեկ ամիս անց` 2015 թ. հոկտեմբերի 19-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Լ. Յոլչյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու մասին:
2016 թ. հուլիսի 28-ին կարճված քրեական գործը վերաբացվել է և Մարինա Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:
Մանրամասներն` այստեղ