Լրահոս
Օրվա լրահոսը

«24 ժամ լարված մթնոլորտում ենք»․Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենը՝ բուժհիմնարկների մասնավորեցումների մասին

Սեպտեմբեր 04,2017 18:44

Այսօր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում այս ակումբի ու «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 2016 թվականին 20 մարզային պոլիկլինիկաներում և 10 շտապօգնության կայաններում իրականացված մոնիտորինգի նախնական, դեռևս չհրապարակված զեկույցը ներկայացնելիս՝ առանձին անդրադարձ եղավ պոլիկլինիկական ծառայություններին։

Փորձագետ Վիոլետա Զոփունյանն ասաց՝ հարցվածների 12 տոկոսը փաստել է, որ իրենք պոլիկլինիկաներ դիմում են տարբեր տեսակի բժշկական՝ փոքր ու միջին հետազոտությունների համար՝ արյան հանձնում, արյան ճնշման չափում, նեղ մասնագիտական հսկողության համար։ Իսկ մեծամասնությունը՝ 88 տոկոսը հիմնականում դիմում է նեղ մասնագիտական այնպիսի բուժօգնության համար, որոնք լաբորատոր ու գործիքային ախտորոշիչ հետազոտություն են իրականացնում։ «Ուզում եմ նշել, որ հենց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ցանկն է, որ կարիք կա հստակեցնելու, որովհետև էստեղ է, որ առաջանում է վճարովիի ու անվճարի խնդիրը, չգիտես թե ինչու մի պոլիկլինիկայում էդ ծառայության մի տեսակն անվճար է, մի ուրիշ պոլիկլինիկայում այդ նույն ծառայությունը՝ վճարովի է», -ասաց բանախոսը։

Պոլիկլինիկաներում ստացված ծառայությունների համար հարցվածների 84 տոկոսը նշել է, որ չի վճարել ընդհանրապես, 16 տոկոսը ֆիքսել է, որ վճարել են։ Տնային կանչերը, որոնք, ըստ օրենքի հիվանդներին պիտի մատուցել անվճար, հարցվածների 49-ը տոկոսը նշել է, որ տնային պայմաններում ստացած խորհրդատվության համար 1000-5000 դրամ է վճարել։ Հարցին՝ թե ում կողմից է եղել նախաձեռնությունը, հարցման ենթարկվածները տարբեր պատասխաններ են տվել, երբեմն հիվանդի հարազատի կամքով, երբեմն հենց բուժաշխատողի։ 36 տոկոսը վճարել է տանը մատուցվող բժշկական միջամտությունների՝ ճնշման չափման, ներարկման համար։ 14 տոկոսը նշել է, որ 2000-8000 դրամ է վճարել դեղատոմսերի տրամադրման համար, որը, ըստ օրենսդրության, բացարձակ անվճար է։ Ուսումնասիրվել են նաև բժշկին սպասելու ժամաքանակը, հերթերը, պոլիկլինիկաների սանտիարահիգենիկ վիճակը, անվճար տրամադրվող դեղորայքի ազդեցության ու բուժաշխատողների աշխատավարձի խնդիրը։

Գյումրու թիվ 1-ին պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանն էլ բարձրաձայնեց պոլիկլինիկաների շենքային վատ պայմանների մասին՝ նշելով, որ մարզերում կան պոլիկլինիկաներ, որոնց շենքերը վերցված են վարձակալական հիմունքներով։ Նա մեջբերեց իր գլխավորած կառույցի օրինակը, պոլիկլինիկան «Կումայրի» արգելոցի շենքերից մեկում է տեղակայված, շենքը համայնքապատկան է և իրենք վարձավճար են մուծում Գյումրու քաղաքապետարանին։ Սակայն այժմ վարձավճարի պարտք է կուտակվել ֆինանսական միջոցների սղության պատճառով։ Տնօրենն առաջարկում էր պետական միջոցներով հնարավորության դեպքում մեկ անգամ նորմալ շենքային պայմաններ ու սարքավորումներով զինել պոլիկլինիկաները․ տեխնիկան բարոյապես, ֆիզիկապես մաշված է։ Ըստ նրա, տեխնիկայի դարում այս հարցին լուրջ մոտեցում է պետք։ Նա, անդրադառնալով նաև բուժհիմնարկների մասնավորեցման մասին հաճախ հնչող հայտարարություններին, նեղվեց, որ 24 ժամ լարված մթնոլորտում են, թե այսօր մի պոլիկլինիկան կփակեն, մյուս օրը՝ մյուսը։ Ըստ նրա, մասնավոր պոլիկլինիկաների դեպքում միանշանակ տուժելու է հասարակ քաղաքացին, կոռուպցիոն ռիսկերը մեծանալու են։

Նա նաև ասաց, որ իրենց կատարողականը շատ հաճախ նախատեսվածից ավելին է լինում, սակայն պետական բյուջեից վճարումը կատարվում է անհամաչափ, անհամապատասխանություն է առաջ գալիս, որի պատճառով էլ առաջանում է դեֆիցիտ։ «Կառավարության կողմից անընդհատ արծարծվում է շահույթ հետապնդեք, շահույթ հետապնդեք, շահույթ հետապնդելու համար պետք է ակտիվացնել վճարովի ծառայությունները։ Վճարովի ծառայություններն էլ ակտիվացնելու համար պետք է ունենալ ժամանակակից, ժամանակի շնչին համապատասխան բժշկական արդի սարքավորումներ»,-ասաց պոլիկլինիկայի տնօրենը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարին says:

    Էդ առաջին պոլիկլինկայի տնօրենին մի հարց տայիք էլի. էդ ոնց հաջողացրեց դառնալ տնօրեն, նախկին մարզպետին ինչով հմայեց?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930