Սեպտեմբերի 3-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: «Հայաստանը պետք է մասնակցեր զորավարժություններին, սակայն, ցավոք սրտի, դրանց մեկնարկից մի քանի օր առաջ նրանք հրաժարվեցին այդ մտադրությունից: Ո՞րն է դրա պատճառը, ինձ հայտնի չէ», – հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գիորգի Կաչարավան:
Հայկական կողմի արձագանքը
Մինչ այժմ ՀՀ ՊՆ արձագանքն այնքան էլ խելամիտ չի թվում։ ՊՆ խոսնակը մեկնաբանություն չի տվել այս կապացությամբ, իսկ միակ պաշտոնական մեկնաբանությունն արել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: Սեպտեմբերի 4-ին, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին:
Ըստ նրա՝ ՊՆ-ն չի հաստատել, որ հայկական կողմն անպայման մասնակցելու է. «Ես չեմ կարող ասել, թե ինչո՞ւ է Հայաստանը նշված եղել մասնակիցների ցուցակում: Հայաստանի զինված ուժերը երբեք պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է այդ զորավարժություններին: Զինված ուժերի գործունեության մեջ միշտ էլ լինում են պլանավորումների վերանայումներ»: Արտակ Զաքարյանի մեկնաբանությունը ինքնին հակասական է․ մի կողմից մենք չենք հաստատել նախապես, մյուս կողմից էլ պլանավորումների վերանայում է տեղի ունեցել, իսկ թե ինչու պլանավորումը չի վերանայվել մի շաբաթ առաջ, այլ՝ վերջին վայրկյանին, պարզ չէ։
Կրկին անկանխատեսելի
Վերջին վայրկյանին Հայաստանի անակնկալ հրաժարվելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց, բնականաբար, քաղաքական քայլ է։ Վերջին պահին միջազգային զորավարժություններից հրաժարվելու համար Երևանը պետք է ունենար հստակ պատճառներ, այն է՝ երկրի ներսում տիրող արտակարգ իրավիճակ կամ սահմանին պատերազմական իրավիճակ։ Այս հանգամանքներից որևէ մեկը բարեբախտաբար չկար հրաժարվելու պահին, որպեսզի բացատրեր Հայաստանի անսպասելի գործողությունները։
Արտակ Զաքարյանն իր մեկնաբանության մեջ, փաստորեն, մեղադրում է ՆԱՏՕ զորավարժության կազմակերպիչներին անփութության մեջ։ Նմանօրինակ մեկնաբանությունը ոչ միայն էլ ավելի խորացնում է կասկածներն առ այն, որ ՀՀ կառավարությունը կրկին տեղի է տվել Մոսկվայի ճնշումներին ի վնաս իր արտաքին կապերի մի կազմակերպության հետ, որի հետ մինչ օրս ունեցել է սերտ հարաբերություններ, այլ ապացուցում, որ պաշտոնական Երևանի քաղաքական որոշումներն անկանխատեսելի են։
Հիշեցնենք, որ Հայաստան-Հյուսիսատլանտյան դաշինք հարաբերությունները միշտ դրական են գնահատվել երկու կողմից էլ։ Այսպես, օրինակ, ՆԱՏՕ-ն 2004թ ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների մերժմանը մուտքի արտոնագրեր տրամադրել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու համար Բաքու մեկնող հայ զինվորականներին, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարությունը չեղյալ էր հայտարարել Ադրբեջանում ծրագրված զորավարժությունները:
Իսկ այս տարվա հունիսին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի հետ հանդիպմանը քննարկել էր Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը։ Ի պատասխան ռուսական մամուլում հայտնվել էին Հայաստանին հասցեագրված մի շարք դժգոհ հրապարակումներ։ Ավելին, հուլիսի վերջին Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը այս ամառվա ընթացքում երկրորդ անգամ դժգոհության ալիք էր առաջացրել Մոսկվայում։
Հ.Գ. Այս կոնտեքստում անմիջապես ասոցիացիաներ են առաջանում 2013թ․ սեպտեմբերի 3-ին Հայաստանի կողմից ԵՄ ասոցացման պայմանագրից հրաժարվելն ու ԵԱՏՄ-ին միանալու մասին հայտարարելը, երբ մի գիշերում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանին զրկեց միջազգային հեղինակությունից՝ ստեղծելով ՀՀ համար Ռուսաստանի կցորդի համբավ։ Զավեշտալի զուգադիպությամբ երկու իրադարձություններն էլ տեղի են ունեցել սեպտեմբերի 3-ին։
Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Հարգելի Աննա,
ցավոք, լավ իրազեկված չեք, որ այլոց էլ իրազեկեք:
Նախ, Agile Spirit-ը ՆԱՏՕ զորավարժություն չէ, ի սկզբանե այն եղել է վրաց-ամերիկյան և հիմա վերածվել է բազմազգ զորավարժության: ՆԱՏՕ որոշ անդամ-երկրների մասնակցությունը դեռ չի նշանակում, թե այն ՆԱՏՕ-ական է: Սա պարզ ճշմարտություն է, որ, երևի, ձեռնտու չէ նշել:
Ներկա զորավարժությունը կազմակերպված է ԱՄՆ եվրոպական հրամանատարության և աֆրիկյան ռազմածովային կորպուսի, մյուս կողմից՝ Վրաստանի ՊՆ կողմից, ուզեք թե չուզեք: Բրյուսելի ՆԱՏՕ կենտրոնակայանը սրա ո՛չ համակարգողն է, ո՛չ կազմակերպիչը: Հետևաբար, խնդրեմ, ճիշտ իրազեկեք քաղաքացիներին:
Եթե հայկական կողմը մասնակցեր, ապա ճիշտ նույն թվով՝ 3 շտաբային սպա պիտի որ ուղարկեր, ինչպես արել է Ադրբեջանը: Հաստատ մեր բանակի մարտունակությունը չի ընկնում, ոչ էլ հեղինակությունը: Որևէ արտաքին ճնշման հարց, պատկերացրեք, չի զգացվում:
Իսկ եթե խորքային պատճառ եք ուզում, լավ թերթեք վերջին օրերի անցուդարձը, հաստատ
ինքներդ կգտնեք 1-2 տարբերակ: Այ, օրինակ. https://www.aravot.am/2017/09/01/905083/
Մի շտապեք փնովել Ձեր երկիրը, եթե անգամ որոշ պաշտոնյաների ասածները խելամիտ չեն թվում: