Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիվանդի գլուխը շոյելու, նամազ անելու ժամանակ չունեն»․ Գյումրու շտապօգնության տնօրենը ՝քննադատներին

Սեպտեմբեր 04,2017 17:17

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն ու «Թրանսփարենսի Ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնն անցած տարի ԱՄՆ «Միջազգային զարգացման գործակալության» աջակցությամբ «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքով մի քանի մոնիտորինգներ են անցկացրել, որոնցից մեկը կրթական հաստատություններին է առնչվել, մյուսը՝ առողջապահական։

Այսօր «Ասպարեզ» ակումբում ներկայացվեց 2016 թվականին 20 մարզային պոլիկլինիկաներում և 10 շտապօգնության կայաններում իրականացված մոնիտորինգի նախնական, դեռևս չհրապարակված զեկույցը։

Ինչպես ներկայացրեց «Ասպարեզ» ակումբի կառավարման խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, նպատակը եղել է պարզել առողջապահության մի շարք հաստատությունների խնդիրները, բացահայտել և առաջարկություններ անել դրանք կարգավորելու համար։

Փորձագետ Վիոլետա Զոփունյանն էլ ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Ըստ նրա, իրենք մարզերում վերցրել են 30 առողջապահական հիմնարկներ, յուրաքանչյուր մարզում երկու պոլիկլինիկական ծառայություն և մեկ շտապբուժօգնության ծառայություն ու փորձել են ուսումնասիրել, թե ինչպես են մատուցվում այս ծառայությունները։ Ուսումնասիրման թիրախ են դարձրել թե՛ որակը, թե՛ սանիտարահիգիենիկ պայմանները, բուժաշխատողների աշխատանքային պայմանները, հարցումներ են արել թե՛ այս ծառայություններից օգտվող բնակիչների, և թե՛ այդ բժշկական ծառայությունների աշխատակիցների շրջանակում։ Հարցաթերթիկների միջոցով իրականացվող հարցմանը մասնակցել են 160 բուժաշխատողներ, 165 պացիենտներ, որոնք օգտվել են շտապօգնության ծառայություններից և 502-ը՝ պոլիկլինիկական ծառայություններից։

Փորձագետն, անդրադառնալով շտապօգնության մեքենաների՝ նշված հասցե մոտենալու խնդրին, ասաց․«Շտապօգնության ծառայություններից խոսելիս՝ անհնար է չանդրադառնալ այդ հարցին, որովհետև դա ամենակարևորներից է և ընդհանուր ծառայության որակը գնահատելիս նույնպես էական նշանակություն ունի, որովհետև սրանից կարող է կախված լինել մարդու կյանքը։ Ի՞նչ ունենք մենք օրենսդրությամբ սահմանված, ըստ օրենքի՝ պետք է 7-15 րոպեների ընթացքում ավտոմեքենան մոտենա նշված հասցե։ Իհարկե, կան որոշակի բացառություններ ձմեռային պայմաններում և ճանապարհներից ելնելով խնդրի հետ կապված, սակայն այս դեպքում առավելագույնը նշվում է 30 րոպե ժամանակահատված՝ ըստ իրավական կարգավորումների։ Եվ ինչ պատկեր ենք մենք ստացել հարցումների ընթացքում․ մինչև 15 րոպեն լրանալը ՝ հարցվածների 53 տոկոսն է նշել, որ մեքենան մոտեցել է ըստ նշված հասցեի, 29 տոկոսը նշել է, որ 16-30 րոպեի ընթացքում է հասել մեքենան և 30 րոպեից ավելի ժամանակահատվածում հարցվողների 12 տոկոսն է նշել, 6 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել, հավանաբար ոչ բոլորն էլ ֆիքսում ժամանակահատվածը»,-ասաց Վիոլետա Զոփունյանը։

Հարցվածների 14 տոկոսն այն կարծիքն է, որ պետք է բարձրացնել սպասարկման անձնակազմի որակը, իսկ որակը նախևառաջ սկսվում է դիսպետչերի հետ կապից։ «Մարզերում եղել են հարցումներ, թե շտապօգնության բուժանձնակազմում քանի՞ հոգի են ներառված եղել, նշվել է 1-2 անձ, ընդհուպ մինչև բժիշկ չի եղել, եղել են օրինակ բուժքույրը և վարորդը։ Սա նույնպես խնդիր է, կադրային հագեցվածության խնդիր է, պետք է համալրել պրոֆեսիոնալ մասնագետներով, սա 11 տոկոսի առաջարկն է։ Ուզում եմ ի նկատի ունենալ այն խնդիրը, որ Հայաստանի Հանրապետությունում չունենք տարանջատված մասնագիտացում բժիշկների մեջ, որոնք հենց շտապբուժօգնության մասնագետներ են, այն մասնագետներն են, որոնք համատեղության կարգով աշխատում են մեկ այլ բժշկական հաստատություններում »,-ասաց բանախոսը։

Նա անդրադարձավ նաև մեքենաների քանակին, հագեցվածությանը, դեղարկղերին։ Հարցվածները նշել են, որ տարբեր առողջական խնդիրների դեպքում շտապօգնությունն առաջարկում է նույն դեղամիջոցը, ազդեցության տեսանկյունից արդյունավետ չեն, կարիք կա վերանայելու դեղերի ցանկը, որոնք ներառված են շտապօգնության մեքենայի մեջ։

Քննարկմանը մասնակցող լրագրողներից մեկը՝ Համլետ Մոսինյանը, մեջբերելով մի օրինակ, ասաց, որ անցած տարի շտապօգնություն են կանչել իրենց հարևանի համար ու թեև մեքենան ճիշտ ժամանակին է տեղ հասել, սակայն հիվանդի կյանքը փրկել չի հաջողել, ու այստեղ առաջ է եկել այն հարցը, թե շտապօգնության աշխատակիցները մի՞թե չէին կարող ցավակցել այդ ընտանիքին։

Գյումրու շտապօգնության տնօրեն Ռոբերտ Թորոսյանը այսպես արձագանքեց․ «Սա ամենաքննարկվող հարցն է, երբեմն մենք խառնում ենք առողջապահությունը, բժշկական սպասարկումը, բժշկական օգնությունը ցավակցության հետ։Մենք հիվանդի գլուխը շոյելու, շոշափելու, հետը նստել, լաց լինելու ժամանակ չունենք, շտապօգնությունը պրոֆեսիոնալ կառույց է, պրոֆեսիոնալ ուղղություն է կազմակերպում, բարեգործական կամ խնամակալության կառույց չէ։ Մենք կամաց-կամաց պետք է սովորենք, եթե բուժաշխատողն այն զգացումներն ունեցավ, ինչ որ նրա հարազատները կամ հիվանդը․․․ Նա պիտի պրոֆեսիոնալ մոտեցում ցույց տա։ Նա գլուխը շոյելու ժամանակ չունի, պետությունը սահմանել է մաքսիմում 30 րոպե յուրաքանչյուր այցին, էդ ընթացքում բժիշկը պիտի հասցնի հասկանալ ցավը, դեղորայք նշանակի, բուժքույրը դեղորայքը հավաքի, ներարկի, համոզվեն օգուտ տվել է, չի տվել ու դուրս գա։ Բուժսպասարկումը չպիտի նույնացնել հոգեբանական, մարդասիրական խնդիրի հետ, մենք էսօր բարձր պրոֆեսիոնալ գործը պիտի անենք, ճիշտ է վատ բան եմ ասում, բայց, հազար անգամ կներեք, դա անում ենք ամերիկյան ժպիտով՝ ռուսերեն ասած՝ դիժուռնի ժպիտով։Մենք ժամանակ չպիտի կորցնենք, մեզ այլ հիվանդներ են սպասում, եթե մի տեղ երկար նստեց, դիսպետչերը նրա գլուխը կկոտրի, տաս րոպե ուշանան, կզանգի, կասի՝ ի՞նչ նամազ ես անում, արագացրու։ Դրա համար փոխվում է կյանքը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930