Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դավիթ Խաժակյան. «Հիմա մենք փորձում ենք հաշվի նստել քաղաքապետարանի փաստարկների հետ»

Սեպտեմբեր 04,2017 16:49

Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումը նպատակահարմար է: Այսպիսի եզրակացություն է տվել քաղաքաշինական պետական կոմիտեն՝ ամփոփելով Երևանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության կարծիքները: Այս մասին հայտարարվել է օրերս Հանրային խորհրդի նիստին:

Ըստ Հանրային խորհրդի. «Մասնագետների կարծիքով՝ նոր կայարանի կառուցման համար անհրաժեշտ կլինի 75-150 միլիոն դոլար` կախված կայարանի կառուցման 4 տարբերակներից որևէ մեկի ընտրությունից: Մասնագետները նաև գտել էին, որ կայարանի կառուցումը սկսելու համար անհրաժեշտ է 12-15 միլիոն դոլար եւ առաջարկել կառավարությանը եկող տարվա պետբյուջեում նախատեսել այդ միջոցները»:
Հիշեցնենք, որ դեռեւս ավագանու ընտրություններից առաջ «Ելք» դաշինքն իր նախընտրական ծրագրում ներառել էր մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման գաղափարը:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանելով Aravot.am-ի՝ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման «Ելքի» առաջարկության մասին հարցին՝ ասել էր, որ դրա համար խոշոր գումարներ են հարկավոր. «Հետագայում, երբ մեր քաղաքացիների առաջնային խնդիրները լուծենք՝ անպայման դրա մասին էլ կմտածենք»:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն Aravot.am-ի հետ զրույցում Հանրային խորհրդի նիստում արված հայտարարության առնչությամբ ասաց. «Այն ժամանակ, երբ խոսակցություններ էին գնում այս կայարանի կառուցման մասին, հիմնական հակափաստարկն այն էր, որ նախ՝ նախագծում քննարկվում է ոչ թե եղած կայարանը փորձել աշխատեցնել, այլ երկու նոր կայարան կառուցել, որոնք շատ ավելի հեռու էին նախատեսվում կառուցել, եւ որը շատ ավելի մեծ գումար էր պահանջում: Նկատի ունեմ այն, ինչը վերջին տարիներին քննարկվում էր եւ ինչի համար քաղաքապետարանը պատվիրել էր ուսումնասիրություն իրականացնել, եւ այդ միջազգային կազմակերպությունն առաջարկել էր, որ նպատակահարմար կլինի Աջափնյակում մետրոյի կայարան բացել Ֆիզիկայի ինստիտուտի եւ Չաուշի հրապարակի մոտակայքում: Եվ սա կապվում էր մեծ գումարների հետ, եթե չեմ սխալվում խոսքը 250 միլիոն դոլարի կամ եվրոյի մասին էր: Ասում էին՝ սա չափազանց մեծ գումար է»:

Խաժակյանի խոսքերով՝ «Ելքը» վստահ է՝ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելը իրատեսական է եւ նպատակահարմար, իրատեսական է, քանի որ ստորգետնյա գրեթե բոլոր ենթակառուցվածքները կան. «Բարեկամություն մետրոյից դեպի այդ կիրճը տանող թունելը պատրաստ է, ինչպես նաեւ՝ հակառակ կողմի թունելը, եւ մնում էր «կոմունիկացիաներն» ու կամուրջը կառուցել»:

Ըստ ավագանու անդամի, այժմ, երբ խոսվում է, որ մետրոյի այս կայարանը պետական նշանակության օբյեկտ է եւ հնարավոր է կառուցումն իրականացնել կառավարության տրամադրած բյուջեով, «Ելքն» առաջիկայում մանրամասն ուսումնասիրելու է Հանրային խորհրդի նշած գումարի չափը եւ «Ելքի» պատկերացրած գումարի չափը, ապա դրանց համադրության արդյունքում առաջարկելու է քաղաքապետին համապատասխան հայտարարությամբ հանդես գա, որպեսզի կառավարությունն իր բյուջեում այդ գումարը նախատեսի. «Մենք վստահ ենք, որ դա կլինի արդյունավետ ծախս»:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի՝ նախընտրական փուլում արած հայտարարությանը, ապա Խաժակյանն ասաց. «Դա իրենց փաստարկն է, նույնիսկ այն դեպքում, եթե քաղաքապետն այլ ոլորտներից կրճատումներ չի ցանկանում անել, մենք առաջարկում ենք կառավարության հատկացվելիք գումարներով անենք:

Երբ «Ելքը ներառել էր նախընտրական ծրագրում մետրոպոլիտենի կայարանի կառուցումը, հաշվի էր առնվել, որ դա ինչ որ պահի հնարավոր է իրականացնել համայնքային բյուջեի հնարավորություններից ելնելով: Ուստի, մենք վստահ ենք՝ եթե մեր պատկերացումներով տեղի ունենա բյուջեի օպտիմալացում, այդ թվում՝ ե՛ւ հաստիքացուցակների կրճատում, ծախսային բազմաթիվ հոդվածների փոփոխություն, դա հնարավոր կլինի իրականացնել»:

Եվ, ինչպես Դավիթ Խաժակյանն ասաց՝ քանի որ «Ելքն» ավագանիում ընդդիմություն է, իրենց առաջարկները կյանքի կոչելու տրամաբանությունն էլ այլ է. «Հիմա մենք փորձում ենք հաշվի նստել քաղաքապետարանի փաստարկների հետ, այդ թվում նաեւ բյուջեի ձեւավորումը, որոնք քաղաքապետի լիազորություններն են: Այժմ մենք Աջափնյակի կայարանի կառուցման լոբբինգը իրականացնելու ենք ընդդիմադիր դիրքերից»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930