Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի նաև միջնադարագիտությունը»

Սեպտեմբեր 04,2017 16:42

Երևանի ավագ և հիմնական դպրոցների աշակերտների համար իրականացվող «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում տպագրվել է «Գրաբարի շտեմարան» ժողովածուն: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի է ունեցել գրքի շնորհանդեսը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մի շարք դպրոցների տնօրեններ և գրաբարի օլիմպիադային մասնակից դպրոցականներ:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է եկեղեցու դերակատարությունն ու հոգատարությունը կրթության, մասնավորապես հայագիտական կրթության նկատմամբ. «Մենք ունենալու ենք խորացված հայագիտական դպրոցներ, որտեղ սովորող երեխաները հետագայում կարող են բուհերում հայագիտական կրթության ուղղությամբ մասնագիտանալ՝ բանասիրություն, պատմություն, ազգագրություն և հայագիտություն:Մեր լեզվի լավագույն ուսուցիչները գտնում են, որ հայերենի ուսուցման բարձր արդյունքի համար պետք է ամուր հիմքեր դնել դպրոցում և այդ առումով գրաբարի շտեմարանի հրատարակումը շատ կարևոր բաց է լրացնում: Մենք գտնում ենք, որ հայերենի ուսուցիչների վերապատրաստման մեջ անպայման պետք է ներառել գրաբարի իմացության բաղադրիչ. հայերենի ուսուցիչը պարտավոր է իմանալ մեր ոսկեղենիկ հայերենը՝ իր անցյալով, որպեսզի կարողանա հետաքրքիր դարձնել նաև լեզվի ներկա փուլի դասավանդումը»,- նշել է ԿԳ նախարարը: Լ. Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունը կրթական տարբեր ծրագրերով համագործակցում է եկեղեցու հետ, մասնավորապես ճեմարանական կրթությունը ասպիրանտական կրթության ճանապարհով զարգացնելու ուղղությամբ: «Եկեղեցու մասնակցությունը կրթական ծրագրերում, կարծում եմ, լուրջ ազդակ կդառնա, որպեսզի վերածնունդ ապրի նաև միջնադարագիտությունը: Այսօր մենք ունենք մի վիճակ, երբ երիտասարդ գիտնականները հետաքրքրություն չեն ցուցաբերում միջնադարյան ժառանգության նկատմամբ, որովհետև նախ այդ ասպարեզը պահանջում է բազային ավելի լուրջ գիտելիքներ, բացի այդ առկա է նաև մոտիվացիայի պակաս: Եկեղեցու աջակցությունը այս ուղղության զարգացման համար շատ կարևոր է»,- նշել է ԿԳ նախարարը: Լ.Մկրտչյանը նաև հավելել է, որ գրաբարի դասընթացը դպրոցներում չի կարող համընդհանուր լինել, այն կամընտրական ձևով դասավանդվում է միայն հումանիտար հոսքերում՝ այն աշակերտների համար, ովքեր հին հայերենը սովորելու ցանկություն ունեն:

 

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930