Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Փարիզում կայացավ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց հունիսյան նստաշրջանին մերժված` նոր ազատ դեմոկրատներ խմբի ստեղծումը հաստատել:
Հիշեցնենք, որ հունիսին Բյուրոն մերժել էր ադրբեջանամետ խմբի ստեղծումը` պատճառաբանելով, որ հունիսի 1-ի դրությամբ այդ խմբի անդամները դեռ այլ խմբերի են անդամակցում, բացի այդ, նախաձեռնողներին մեղադրեցին, որ խմբի կանոնադրությունն արտատպված է լիբերալների կանոնադրությունից:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այդ թերությունները վերացվել են, ուստի Բյուրոն հաստատել է խմբի ստեղծումը. «Խմբի ստեղծման ժամկետը սեպտեմբերն է, ինչը նշանակում է, որ նրանք 2018-ի համար ֆինանսավորում չեն ունենա: Իսկ եթե չկա այդ ֆինանսավորումը, նրանք հնարավորություն չեն ունենա 2018-ին տեղեր ունենալ տարբեր հանձնաժողովներում: Այդ խումբը չստեղծվել չէր կարող, քանի որ կանոնակարգը պահանջում է` վեց տարբեր պատվիրակություններից քսան հոգի իրենց կամքը արտահայտեն: Բյուրոն ընդամենն ընդունում է քսան անդամների կողմից կայացված որոշումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ