Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եգանյան. «Եվրոպայում այդ լեգենդները`խառն ամուսնություններ, սեռական փոքրամասնություններ, լավ գիտեն» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 16:21

ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի կառավարության միջեւ 2016թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում ստորագրված «ՀՀ եւ ԵՄ միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013թ. ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված համաձայնագրի կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» նախագծին:

Հարցը ներկայացնում էր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Սա վիզաների ազատականացման կարեւոր փուլերից մեկն է»,- ասաց նա:

Նախագիծն, այսպես կոչված, անլեգալ միգրանտների եւ նրանց քաղաքակիրթ վերադարձի մասին է: Ապօրինի միգրանտի մասին հայց ստանալուց 12 օրվա ընթացքում ՀՀ-ն պետք է պարզի տվյալ անձի քաղաքացիություն ունենալու հանգամանքը, ճշտի այդ անձի ինքնությունը եւ տեղեկությունը փոխանցի հայցվոր երկրին:

 

Ըստ Գագիկ Եգանյանի, միայն փաստաթղթային ստուգումներով հնարավոր չէ նույնականացնել անձին: «Շատ-շատերը լինում են, այսպես կոչված, խառը ամուսնություններ՝ հայ-ադրբեջանական… մի տառ փոխում են անձնագրերի մեջ… նման դեպքերի համար էլ կա գործիք. բանավոր հարցազրույցի հիման վրա կարող են նույնականացնել, որից հետո այն անունով, որ հանդես են գալիս, լրացվի վերադարձի վկայական, եւ արդեն վերադառնան ՀՀ»- ասաց նա:

Մանրամասները`տեսանյութում

Ի դեպ, բանախոսի փոխանցմամբ, տարեց-տարի ընդլայնվում է երկրների ցանկը, որտեղից մենք ստանում են վերադարձի հայցեր, կրկնակի անգամ ավելանում է նաեւ հայցերի քանակը. «Այս տարվա 8 ամսվա տվյալներով կա 1061 անձի վերաբերյալ հայց, մինչդեռ անցած ամբողջ տարվա ընթացքում՝ ընդամենը 473»:

Մանրամասները`տեսանյութում

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց`կան վերջին տարիների տվյալներ, քանի՞ մարդ է գնացել ու չի վերադարձել անկախ ԱՎԾ-ի տրամադրած տեղեկություններից: Գագիկ Եգանյանն ասաց, որ հարցը մեթոդաբանական ճշտման կարիք ունի. «Երբ ասում են միգրացիա, ապա ասոցացումը միայն ուղղությամբ է՝ արտագաղթ, քանի որ վերջին 20-25 տարում դոմինանտը դա է եղել, դրա համար ընկալումն այդպիսին է»: Բայց միգրացիան, ըստ նրա, օբյեկտիվ գործընթաց է, որ ծագել է մարդկության հետ ու շարունակվում է. «Երբ մարդը ամուսնության պատճառով տեղը փոխում է, պետք չէ դրա դեմ պայքարել, եթե գնում է պայմանագրային հիմունքներով աշխատելու, պետք չէ պայքարել կամ ասենք՝ ուսանողական միգրացիա: Եթե խոսում ենք թրաֆիքինգի հոսքերի մասին, ապա, իհարկե, դրա դեմ պետք է պայքարենք»:

Նա ասաց, որ արտագաղթողների ռեգիստր չկա, չի էլ կարող լինել. «Անձը, եթե երբեք ամսով կամ մի փոքր ավելի երկար պետք է մշտական գնա ու մնա այլ երկրում, դա է միգրանտի միջազգային սահմանումը: Նա չի գալիս պետական մարմնի մոտ, ասում՝ պարոն Եգանյան, ես գնում եմ, խնդրում եմ ինձ հաշվառեք՝ ես արտագաղթող եմ»:

Գագիկ Եգանյանը փաստում է`ուղեւորահոսքերն աչքի են ընկնում իրենց սեզոնայնությամբ՝ վաղ գարնանը սկսվում են հոսքերը. «Ամռանը շատերը ռուսաստաններում բնակվող իրենց երեխաներին ուղարկում են ՀՀ՝ հանգստանալու: Դրական ուղեւորահոսքերի մնացորդ ենք արձանագրում: Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է գրեինք՝ այսքան մարդ մշտական բնակության է եկել ՀՀ: Դա ճիշտ չէ: Նույնը վերաբերում է արտագնա աշխատանքից աշնանը վերադառնալուն, Ամանորի հոսքը»:

Իսկ արտերկրում ապաստան հայցողների թիվը, Գագիկ Եգանյանի պնդմամբ նվազել է: 2000-ականներին տարեկան տասը հազար մարդ էր, հիմա`վեց հազար: Ըստ նրա, այնտեղ բավական խելացի մարդիկ են նստած եւ գիտեն բոլոր լեգենդները`խառն ամուսնություններ, սեռական փոքրամասնություններ, քաղաքական հետապնդումներ եւ այլն. «Ապաստան հայցողները մտածում են, թե այնտեղ իրենց մասին հոգ են տանելու, սակայն այնտեղ շատ քաջատեղյակ պաշտոնյաներ են: Նույնիսկ այնպիսի զարգացած համակարգեր ունեն, որ լեզվի՝ նրա բարբառից կարող են մոտավորապես ասել՝ Լոռվա բարբառից է, Շիրակից է, թե Արցախից: Ուրիշ բան 1990-ականներին, երբ ՀՀ-ի մասին այդ քան քաջատեղյակ չէին ինֆորմացիայի առումով»:

Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց վերջերս ԱՄՆ-ից արտաքսված Գոռ Հակոբյանի դեպքով, որն այնտեղ կալանավորված էր եղել եւ մեղադրվում էր 5 հոգու սպանության մեջ: Խոսքը դիպուկահարի կողմից վնասազերծված պատանդառուի մասին է. «Ում դեպորտ են անում…այսինքն՝ այդ որակի մարդկանց միգուցե որոշակի սանդղակ դրվի, որ չդառնա կրիմինալ հանցագործներ են դեպորտ արվում երկիր: Մենք չգիտեի՞նք, որ այդ անձնավորությունը հինգ հոգու սպանության համար լուրջ դատապարտվել է, այսինքն ինչո՞ւ, երբ նա դեպորտ արվեց, հսկողություն նման անձի նկատմամբ չիրականացվեց»:

Գագիկ Եգանյանն ասաց, որ դա իրենց ծառայության հետ կապ չունի, այստեղ խնդիրն արտահանձնմանն է վերաբերվում:

Գագիկ Եգանյանը ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության պատվերով Սլավոնական համալսարանի կողմից իրականացված հետազոտության արդյունքները, ըստ որոնց տարեկան մոտ 35 հազար մարդ է արտագաղթում Հայաստանից: Գագիկ Եգանյանը պատճառները նշում է`սոցիալական, ցածր աշխատավարձ, աշխատանքի բացակայություն: «Արդարության պակաս, կոռուպցիա»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930