Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ բյուրոն կարևոր որոշում ընդունեց Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով

Սեպտեմբեր 04,2017 15:18

Քիչ առաջ Փարիզում ավարտվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստը, որի ժամանակ Բյուրոն կարևոր որոշում կայացրեց ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտին հեռացնելու հարցով:

Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Բյուրոն հաստատեց հոկտեմբերի 9-ին մեկնարկող` ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգը, և հենց առաջին օրը նիստի բացումից հետո նախատեսվում է Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու բանաձևի քվեարկություն. «Նախորդ անգամ քվեարկություն չկազմակերպվեց, քանի որ ԵԽԽՎ –ի պատվիրակները, որոնք նախաձեռնել էին և ովքեր շահագրգիռ էին գործընթացը տրամաբանական ավարտին հասցնել, այն ժամանակ ներկայացրին քարտուղարություն, որ քվեարկությունը նախատեսվի հենց հոկտեմբերյան նստաշրջանի առաջին օրը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետք է որակյալ մեծամասնությամբ տեղի ունենա այդ քվեարկությունը: Դա նշանակում է հետևյալը` ընթացակարգը հաստատվել է. առաջինը խոսքը տրվելու է անվստահության բանաձևն առաջինը ստորագրած նորվեգացի պատվիրակին, որը կներկայացնի հիմքերը և կխոսի անվստահություն հայտնելու գործընթացի մասին: Դրանից հետո քաղաքական խմբի ղեկավարներն իրենց տեսակետները կհայտնեն: Չի լինելու դեբատ, որ այլ պատվիրակների հնարավորություն ընձեռվի տեսակետներ հայտնելու: Հետո խոսքը կտրվի Ագրամունտին, որից անմիջապես հետո տեղի կունենա քվեարկությունը: Պահանջվում է, որ քվեարկությանը մասնակցի նվազագույնը 102 հոգի, և երկու երրորդը պետք է կողմ քվեարկի անվստահություն հայտնելուն: Երբ անվստահություն կհայտնեն Ագրամունտին, նրա պարտականությունների անցումը կվերապահվի տարիքով ավագ փոխնախագահին: Իսկ ԵԽԽՎ նոր նախագահը կընտրվի հունվարյան նստաշրջանին»:

Հարցին` ռիսկ կա՞, որ այդ 102 հոգին հնարավոր չլինի ապահովել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, թե ռիսկեր միշտ կան, բայց առավել հավանական է, որ կապահովվի որակյալ մեծամասնությունը, քանի որ անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցել էր մոտ երկու հարյուր պատվիրակ:

Մեր հստակեցմանը, եթե Պեդրո Ագրամունտն այս անգամ էլ ներկա չլինի նիստին, գործընթացը կարո՞ղ է շարունակվել նրա բացակայությամբ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Նրա բացակայությունը որևէ ձևով տվյալ հարցի քննարկմանն ու քվեարկությանը չի խոչընդոտելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930