Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում ինքնասպանությունների թիվը մեծ չէ». հոգեբան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 15:25

«Հոգեբանին դիմում են, որպեսզի հետո հոգեբույժի չդիմեն»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը` նշելով, որ մեր ազգաբնակչության մեջ դեռեւս այնքան էլ բարձր չէ հոգեբանին այցելելու մշակույթը: Հոգեբանի խոսքով, եթե մարդիկ հոգեկան առողջության խնդիրներ ունենալու դեպքում ժամանակին դիմեն հոգեբանին, ապա հոգեբուժական ծառայությանը պետբյուջեից հատկացվող ծախսերն էականորեն կկրճատվեն, այսինքն` մարդիկ կլինեն հոգեպես առողջ, հոգեբուժարաններն էլ` թերբեռնված: Պարոն Գասպարյանի խոսքով, սեպտեմբերի 5-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը աշխարհը նշում է հոգեկան առողջության մեկամսյակ, որի նպատակն է եւս մեկ անգամ ուշադրություն հրավիրել այս խնդրի վրա:

Ըստ նրա, վիճակագրությամբ, հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ կազմում են ազգաբնակչության մինչեւ 15 տոկոսը, սակայն Հայաստանում պաշտոնական տվյալներով մեր ազգաբնակչության 1 տոկոսն ունի այդ խնդիրը: Սակայն, ցուցանիշի ցածր լինելը ամենեւին չի նշանակում, որ մենք հոգեպես առողջ ազգ ենք, այլ, հոգեբանի համոզմամբ, մեր երկրում էլ այդ ցուցանիշը մինչեւ 15 տոկոս է, սակայն այդ հիվանդության վերաբերյալ առկա խտրական վերաբերմունքի պատճառով շատերն իրենց հոգեկան եւ մտավոր խնդիրներ ունեցող հարազատին թաքցնում են, հասարակությունից մեկուսացնում:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Գասպարյանի ներկայացմամբ, մեր ազգաբնակչության մեջ գերակշռում են կպչուն-սեւեռուն խանգարումները, բացի այդ, հոգեբանն ասաց, որ մենք տրավմատիկ ազգ ենք, չլուծված խնդիրներով. «Տրավմայի շուրջ միավորվող ազգ ենք, մի կողմից լավ է, որ տրավմայի հետ մենակ չենք թողնում, մյուս կողմից վատ է, որ տրավմայի վրա ֆիքսված ենք, տրավմայի նկատմամբ գերզգայուն ազգ ենք, պատճառը մեր պատմական անցյալի մեջ է»:

Խաչատուր Գասպարյանի խոսքով, մենք ունենք նաեւ կպչուն մշակութային սովորություններ. «Օրինակ` աղը թափում է խաչակնքվում ենք, սեւ կատուն անցնում է ճանապարհն ենք փոխում, եկեղեցու կողքով անցնելիս` խաչակնքվում ենք: Դրանք մշակութային փոխանցված ձեւեր են, որոնք ոչ մի վտանգ, պաթոլոգիական բնույթ չունեն»:

Aravot.am-ի այն հարցին, ոչ պաշտոնական տվյալներով որքան տոկոս են կազմում մտավոր եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ, պարոն Գասպարյանն ասաց, որ չի կարող առանց գիտական հիմքերի թիվ կրակել», բայց հոգեբանի համոզմամբ, ինչպես որ ամբողջ աշխարհում է, մեզ մոտ էլ 7-15 տոկոսի մասին է խոսքը: Ըստ նրա, երկու ազգ կա` հայերը եւ հրեաները, որ 7-15 տոկոսի մեջ գերակշռում են, կպչուն-սեւեռուն խանգարումներն ավելի շատ են, քան մյուս ազգերի մոտ:

Ինչ վերաբերում է բանակում ինքնասպանությունների բարձր ցուցանիշին, ապա պարոն Գասպարյանն ասաց, որ մեր բանակում ինքնասպանությունների թիվը մեծ չէ. «Անցյալ տարվա տվյալները 5-ն են, որն ավելի փոքր թիվ է, քան թե մեր ազգաբնակչության մեջ առանձին վերցրած: Անցած 7 ամիսների ընթացքում Հայաստանում 117 ինքնասպանության դեպք է գրանցվել, ինչը քիչ չէ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930