Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն էր: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
Հարցաքննվեց մեկ այլ վկա՝ Վրեժ Առաքելյանը, որը դատարանին հայտնեց՝ ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանի հետ ընկերական կապերի մեջ է եղել: Վերջինս իրենից հետաքրքրվել է, թե ինչ կարելի է անել «լաքոտված» փողերի հետ: Առաքելյանն էլ խորհուրդ է տվել բանկ դիմել, գուցե ինչ-որ մասը փոխհատուցեն. «Ասեց, որ ինչ-որ ներկված գումար կա, ես էլ չէի հասկանում դրանից: Ինձ ոչ մի առաջարկ չի եղել այդ փողերի հետ կապված»:
Մեղադրող դատախազը հետաքրքրվեց՝ քննչական մարմիններում վկայի վրա ճնշումներ եւ ուղղորդումներ եղե՞լ են: Վրեժ Առաքելյանն ասաց, որ ոչ: Մեղադրյալ Սամվել Բաբայանը տեղից միջամտեց՝ ասելով. «Քննիչը բոլորին էլ ուղղորդել է»: Ապա ժպտալով ավելացրեց. «Ինձ էլ էր ուզում ուղղորդել»:
Վկաների հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում, որը նշանակվեց սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ