Լրահոս
Օրվա լրահոսը

Ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժշկին

Սեպտեմբեր 04,2017 14:03

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:

Ժամկետային զինծառայողի մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային անբավարարությունը, թոքերի այտուցը:

ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում՝ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ՝ ԷՍԳ քննությամբ, հայտնաբերվել են սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումներ, որպիսի պայմաններում Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժիշկը Ս.Մոսիյանին չի ուղեգրել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար։ Փոխարենը՝ կատարված ոչ լիարժեք բժշկական զննության տվյալների հիման վրա՝ սրտաբանը եզրակացություն է տվել, որ Ս.Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը:

Արդյունքում՝ տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզ» հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930