ՊՆ նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում խոսեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիտարկման ընթացքում Ադրբեջանի կողմից կրակահերթերի մասին:
Հարցին՝ դուք ակնկալո՞ւմ եք որեւէ արձագանք՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Մեր քաղաքական արձագանքը չի ուշացել»:
Կասպրշիկն ասել էր, որ անզոր էին հասկանալու, թե կրակոցները որ կողմից էին, այսինքն, կասկածի տա՞կ է առնում մեր ՊՆ-ի վարկածը, որ Ադրբեջանի կողմից են եղել՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ոչ, կասկածի տակ չի դրվում, ուղղությունը պարզ է, որ դիմացի հատվածից է եղել, բայց որ ուղղության վրա եւ որտեղից, դա արդեն…Ես չգիտեմ, թե ինչու են անհասցե հայտարարություն անում, դա արդեն պետք է Կասպրշիկին հարցնեք: Մեր համար փաստը մնում է փաստ, որ նույնիսկ ԵԱՀԿ մոնիտորինգի առաքելության վրա Ադրբեջանը կարող է կրակել»:
Դիտարկմանը, որ իրենք հասցեական չեն ասում, որ ադրբեջանական կողմից է եղել՝ Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Փաստը մնում է փաստ, մենք փաստերով ենք առաջնորդվում»:
Հարցին՝ ձեզ բավարարո՞ւմ է դիտորդական առաքելության գնահատականը միջադեպին՝ պարոն Զաքարյանը պատասխանեց. «Պաշտպանական գերատեսչությանը մտահոգում է այն հանգամանքը, որ ՀՀ սահմանների վրա կրակում են, այդ թվում նաեւ դիտորդական առաքելության վրա: Ինձ հավասարապես մտահոգում է այն հանգամանքը, որ կրակում են մեր մանկապարտեզների վրա եւ հավասարապես էլ մտահոգում է, որ կրակում են դիտորդական առաքելություն իրականացնող մոնիտորինգի խմբի վրա: Արդեն միջազգային հանրությունը թող գնահատի, շատ ցանկալի կլինի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձեռնպահ մնա անատամ եւ անհասցե հայտարարություններից, էդ ժամանակ արդեն կդադարեն կրակել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ