Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն էր, որում սկսվեց վկաների հարցաքննությունը:
Դատախազի միջնորդությամբ լրատվամիջոցներին թույլատրվեց տեսանկարահանել 5 րոպե միայն:
Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց, նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին, Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և պահել «Իգլա»-ն: Իսկ Կարեն Քոչարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Ժորա Զաքարյանին եւ Դավիթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:
Սամվել Բաբայանն առարկեց լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակող որոշման դեմ՝ ասելով, որ հանրությունը պետք է ճշմարտությունն իմանա, թե չէ՝ լրատվականներում իր մասին ինչ ասես՝ գրում են:
Ըստ Բաբայանի՝ այս գործով վկաներից մեկը հատկապես պետք է ճանաչելի լինի հանրությանը, քանի որ 2014թ.-ից «տնտեսական հանցագործության մեջ է ներքաշված»:
Վկաներից Արմեն Հակոբյանը դատարանին պատմեց, որ աշխատում է Մոսկվա-Երեւան-Մոսկվա ուղեւորափոխադրումներ իրականացնող մասնավոր ընկերությունում որպես վարորդ: Դեպքի ժամանակ՝ ձմռանը, սակայն ստույգ օրը չհիշեց, ինքը Մոսկվայից ծրար է վերցրել, որը խնդրել են հասցնել Երեւան:
Վկան այդ ծրարը, որի մեջ, ինչպես իրեն են ասել, փաստաթղթեր են եղել, փոխանցել է իր տնօրենին՝ Գոռ Շաքոյանին, որը եւս այս գործով վկա է: Արմեն Հակոբյանի խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, որ ծրարում իրականում գումար կա, հետո է իմացել՝ քննչական մարմիններից:
Այնուհետեւ հարցաքննվեց Գոռ Շաքոյանը: Նա դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից Դավիթ Հարությունյանին է ճանաչում, որին էլ հանձնել է ծրարը: «Ասել եմ՝ եթե մաքուր, օրինական փողեր են, տվեք վարորդին, կբերի, խնդիր չկա: Ինչքան գիտեմ՝ 5000 եվրո էր մեջը: Ես չեմ իմացել, որ փողերի վրա լաքաներ կան»,-նշեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ