Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել են նաև արտաքին ճնշումներ նման որոշում կայացնելու հարցում». ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելու որոշման մասին

Սեպտեմբեր 04,2017 13:46

Հայաստանի կողմից՝ վերջին պահին ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու որոշումը փորձագետները համարում են խիստ բացասական և հերթական անգամ շահի բաց թողում:

«Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը զուգահեռներ տարվեց 2013-ի սեպտեմբերի 3-ի՝ ԵՏՄ անդամ դառնալու հանկարծակի որոշման և ներկայիս իրավիճակի միջև:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը հրաժարվելը բացասական է գնահատում. «Եթե չպետք է մասնակցեին, ուրեմն պետք էր ի սկզբանե չհամաձայնել: Այո, եղել են նաև արտաքին ճնշումներ նման որոշում կայացնելու հարցում: Նախորդ զորավարժություններին մասնակցելը Ռուսաստանի կողմից բավականին դժգոհությամբ ընկալվեց: Կուզեի, որ ՀՀ-ն մասնակցեր, առավել ևս, չէի ուզի, որ այս կերպ՝ վերջին պահին հրաժարվեր»:

Ըստ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի՝ Հայաստանն այս հրաժարումով ևս մեկ շանս բաց թողեց ուժեղանալու և հզորանալու համար. «Այսպիսով, մենք նաև մի իրավիճակ ենք ձևավորում, որտեղ ուրիշներն իրենց շահերն առաջ տանելով՝ կարող են ճնշումների դաշտ ձևավորել, որ Հայաստանը մեկ օրվա մեջ ստիպված է լինելու վախից, ունակությունների թուլությունից նորից ինչ-որ բանից հրաժարվել»:

Պատմական գիտությունների թեկնածու, The National Interest, Forbes, The Hill և American Thinker պարբերականների մշտական հեղինակ ու փորձագետ Արեգ Գալստյանը խնդիրը դիտարկեց ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում, երբ սրվել են ռուս-ամերիկյան հարաբերությունները. «Հիմա Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև անգամ դիվանագիտական խողովակ չկա բանակցությունների: Հարաբերությունների այս սրումը ավելի քիչ հնարավորություն է թողնում Հայաստանին մանևրելու: Ուզում ենք, թե՝ ոչ ՀՀ-ն ԵԱՏՄ է մտել, և ինքն է որոշել ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գոտում լինել: Որքան խստանան Վաշինգտոնի կողմից Մոսկվայի ճնշումները, այնքան Մոսկվան ավելի կոշտ ու հետևողականորեն կսկսի խոսել իր գործընկերների հետ՝ դնելով կոնկրետ ընտրության առաջ»:

Պարոն Գալստյանը նաև շեշտեց այն, որ Ռուսաստանն ինքն էլ է պատրաստվում է զորավարժություններ անցկացնել, և այս փաստը դերակատարություն է ունեցել Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու որոշումից հետ կանգնելու հարցում:

Արա Պապյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները զորավարժություններին չմասնակցելը պայմանավորելու են Ռուսաստանի հետ հարաբերություններ չփչացնելու ցանկությամբ: Պարոն Պապյանի համար հետաքրքիր է, թե ինչ ճակատագրի է արժանանալու Ադրբեջանը, որը մասնակցելու է զորավարժություններին. էլի սովորականի պես Ադրբեջանը ՌԴ-ի դեմ քայլ է անելու, բայց չի՞ պատժվելու ի տարբերություն Հայաստանի:

Դառնալով այն հարցին՝ ՀՀ-ն ի՞նչ է շահել ու կորցրել՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին, Արա Պապյանը, վիճակագրական տվյալներ ներկայացնելով, փաստեց, որ տնտեսական առումով միայն հետընթաց է գրանցվել. «2013-ին ՀՆԱ-ն 11.61 միլիարդ էր, 2016-ին՝ 10.55 միլիարդ, արտաքին ապրանքաշրջանառությունը 5.69 միլիարդ էր, հիմա՝ 5.07 միլիարդ: 2013-ին արտաքին պարտքը 4.6 միլիարդ էր, հիմա՝ 5.9 միլիարդ: Վերջին յոթ ամսում զրո ներդրում է կատարվել ռուսական կողմից, դեռ մենք 25 միլիոն դոլար էլ Ռուսաստանին ենք գումար տվել՝ ֆինանսավորել ռուսական տնտեսությանը»:

Ըստ Թևան Պողոսյանի՝ ունենք ամենագլխավոր կորուստը՝ շանսը Հայաստանի զարգացման, արդիականացման բարեփոխումների. ի վերջո ասոցացման համաձայնագիրը դրա մասին էր:

Արեգ Գալստյանը որպես կորուստ նշեց այն, որ 21-րդ դարում ՀՀ-ն քաղաքակրթական ոչ ճիշտ վեկտորի ընտրություն է կատարել. «Պետք է հասկանալ, թե 21-րդ դարում ում հետ ես դու. Գերմանիա՞, թե՞ Ղազախստան, Ֆրանսիա՞, թե՞ Ղրղըզստան»:

Հարցին՝ վտանգներ կա՞ն, որ նոյեմբերին չստորագրվի ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը, պարոն Գալստյանը պատասխանեց. «Կարևոր չէ՝ ԵՄ-ի՞, Ճապոնիայի՞, թե՞ Հնդկաստանի հետ է կնքվում: Խնդիրն այն է՝ արդյոք կա՞ քաղաքական կամք ավարտին հասցնել այս գործընթացը»:

Արա Պապյանի համար էլ ցանկալի է, որ փաստաթուղթը ստորագրվի, թեև դա այն փաստաթուղթը չէ, ինչի շուրջ ժամանակին բանակցություններ էին գնում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930