«Դա լուրջ ռազմավարական եւ մարտավարական բացթողում էր»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը`մեկնաբանելով Հայաստանի անակնկալ որոշումը`չմասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին:
Գեւորգ Գորգիսյանը պնդում է`Հայաստանը պետք է փնտրի անվտանգության այլընտրանքներ, քանի որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց`ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անվտանգությունն այդքան էլ ապահով չէ, ինչպես հրամցվում է մեզ: Դա նաեւ «Ելքի» նախընտրական ծրագրում էր ամրագրված:
Հիշեցնենք, Հայաստանը մեկ ամիս առաջ մասնակցել էր Վրաստանում կայացած ՆԱՏՕ-ի`«Արժանի գործընկեր 2017» զորավարժություններին, ինչը բավական դրվատանքի տեղիք տվեց: Այդ մասին դրական էր արտահայտվել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Մինչդեռ, ընդամենն օրեր առաջ դեսպանը խոսեց Հայաստանի`սուվերեն որոշումներ կայացնելու անհրաժեշտության մասին:
Ընդդիմադիր պատգամավորը կարծում է, որ պաշտոնական Երեւանի կողմից մեկ օրում որոշումներ կայացնելը շատ վատ ավանդույթ է դառնում: «Հուսով եմ, սա այլեւս շարունակականություն չի ունենա: Նոր Սահմանադրությամբ, համենայնդեպս, գոնե կարեւորագույն որոշումները միանձնյա չեն կայացվելու»,- ասաց նա:
Aravot.am-ի հարցին` այս միջադեպը կարո՞ղ է շրջադարձային կամ անկյունաքարային դառնալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում, Գեւորգ Գորգիսյանը հույս հայտնեց, որ այդպես չի լինի:
Այլ մանրամասները`տեսանյութում
«Նման որոշումը, ՊՆ-ի անորոշ պատասխանը, այն վատ գործելաոճի դրսեւորումներն են, որ ՀՀԿ-ում երբեւէ որեւէ որոշման կայացման գործընթաց չի հանրայնացվում: Ամեն ինչ արվում է քաղաքական կուլիսների ետեւում ու հասարակությունը մի օր փաստի առաջ է կանգնում: Այստեղից է նաեւ գալիս այն անվստահությունը կառավարության, իշխանության նկատմամբ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ