Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախորդ զորավարժություններին մենք մասնակցեցինք, Ադրբեջանը չմասնակցեց, ի՞նչ փոխվեց Ադրբեջանի կյանքում». Արտակ Զաքարյան (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 13:10

Այսօր լրագրողների հետ զրույցում ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը վստահեցրեց, որ Հայաստանը երբեւէ չի հաստատել իր մասնակցությունը՝  Վրաստանում անցկացվող զորավարժությանը:

Թե ինչո՞ւ է Հայաստանի անունը եղել մասնակիցների ցանկում՝ Արտակ Զաքարյանը չգիտի: Նա ասաց, որ պլանավորում է եղել, բայց մասնակցությունը չի հաստատվել, իսկ պլանավորման մեջ որոշակի վերանայումներ են եղել. «Դա պաշտոնապես հայտարարված չի եղել, որ մասնակցելու ենք եւ հիմա էլ ասում ենք չենք մասնակցելու»:

Դիտարկմանը, թե ինչու ենք Վրաստանից իմանում այդ մասին, Վրաստանի պաշտպանական գերատեսչության խոսնակն է ասում, որ վերջին պահին, ցավոք, մեր հայ գործընկերները հրաժարվեցին մասնակցել՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ոչ ոք չի ասել իր հանրությանը, որ մասնակցելու է, որ հետո էլ հանրությանն ասի, թե չի մասնակցելու: Արտառոց որեւէ բան դրա մեջ մի տեսեք, դա սովորական առօրյա ԶՈՒ գործունեություն է»:

Հարցին՝ գուցե այն է խնդիրը, որ մենք չենք ուզում լինել Ադրբեջանի հետ մի հարթակո՞ւմ՝ Արտակ Զաքարյանն արձագանքեց. «Մենք ենթադրություններո՞վ զբաղվենք»:

Փոխնախարարն ասաց, որ ՊՆ-ն իր համապատասխան օղակներով ճշտումներից հետո կմեկնաբանի, թե ինչու են Վրաստանում նման բան ասել, Վրաստանը պարզաբանումներ կանի:

Հարցին՝ կարեւո՞ր էին մեզ համար այդ զորավարժությունները՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Խնդիրը կարեւոր լինել կամ չլինելը չի, բոլոր գործառույթները, որոնք պլանավորվում են երկարաժամկետի համար, որոշակի վերանայումներ են իրականացվում՝ կապված իրավիճակով, կապված ԶՈՒ առջեւ դրված խնդիրների առաջնահերթություններով»:

Հարցին՝ ՀԱՊԿ-ի միջամտություն չկա՞ր՝ Արտակ Զաքարյանը վստահեցրեց՝ որեւէ միջամտություն չկա:

Մեր դիտարկմանը, որ Հրանտ Մարգարյանն ասաց, որ մենք այլ ռազմաքաղաքական ճամբարում ենք եւ դա է պատճառը, որ չենք մասնակցում՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Իսկ ձեզ համար նորությու՞ն է, որ մենք ՀԱՊԿ-ի համակարգում ենք 92-ից»: Բայց այն, որ ՀԱՊԿ-ն է խոչընդոտել՝ Զաքարյանը հերքում է. «Խոչընդոտող ոչինչ չկա: ՆԱՏՕ-ն մեր գործընկերն է, մենք ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ ենք եւ մեր անվտանգության ամենագլխավոր հովանոցը ՀԱՊԿ համակարգում ենք տեսնում: Մնացած բոլոր մեր համագործակցության խնդիրները դուք անընդհատ ուզում եք սեւ ու սպիտակի բաժանել: Նման բան գոյություն չունի»:

Այն, որ Ադրբեջանը մասնակցում է զորավարժությանը, մենք՝ ոչ, ըստ Արտակ Զաքարյանի, ոչինչ չի ասում. «Նախորդ զորավարժություններին մենք մասնակցեցինք, Ադրբեջանը չմասնակցեց, ի՞նչ փոխվեց Ադրբեջանի կյանքում կամ մեր կյանքում ի՞նչ փոխվեց, բան չփոխվեց, չէ՞»: Ըստ Զաքարյանի, Հայաստանի վարկանիշի խնդիրները դրանով չի պայմանավորվում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանը կորցնո՞ւմ է զորավարժություններին չմասնակցելով՝ նա պատասխանեց. «Հայաստանը ոչ մի բան չի կորցնում չմասնակցելով, եթե ինչ-որ բան կորցներ, նշանակում է կլինեին այլ մոտեցումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930