Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. Ոչ թե դպրոցներ փակեք, այլ վատ ուսուցիչներին հեռացրեք (Տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2017 12:51

Կրթության ոլորտի փորձագետներ Սերոբ Խաչատրյանը եւ Անահիտ Բախշյանը սեպտեմբերի 4-ին ՙՀենարան՚ ակումբում խոսեցին հանրակրթության ոլորտի վերջին բարեփոխումներից:

Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ, ներկայումս բուռն իրավիճակ է, մեկը մյուսի հետեւից նոր ծրագրերի մասին է խոսք գնում: ՙՆախորդ տարիներին իրականացված ծրագրերը, փաստորեն, այսօր դրվում են հարցականի տակ: Օրինակ, դպրոցների կառավարման հարցը, հիմա խոսվում է այն մասին, որ խորհուրդներով կառավարումը չի աշխատում, ու դրանում, չգիտես ինչու մեղադրում են տնօրենին: Հիմա պարզվում է, որ ֆինանսավորման համակարգն էլ չի արդարացնում եւ պետք է փոխել՚,-տարակուսանք է հայտնում կրթության փորձագետը:

Նա նաեւ փաստեց, որ խոսվում է այն մասին, որ դպրոցական ծրագրերը ծանրաբեռնված են, դրա համար էլ ուսման տեւողությունը երկարացվեց. ՙՏասնամյա ծրագիրը բեռնաթափելու նպատակով որոշեցին 12 տարում անցնել: Հիմա արդեն էլ տեղ չկա, չեն կարող 13-ամյա կամ 14-ամյա կրթության անցնել: Տարիներով վարկեր են վերցվել, սպասելիքներ են ձեւավորվել, հիմա պարզվում է, որ նախկին ծրագրերը չեն արդարացվում եւ մտնում են նոր փուլ: Ես առաջարկում եմ նույն սխալը թույլ չտալ եւ նույն ձեւով առանց նախապատրաստման, առանց համապատասխան բյուջեի, առանց հանրային քննարկումների` փոփոխություններ չանենք, որ հետո վարկը պրծնի, ասենք դե յոլա գնացեք: Կրթական բարեփոխումների ճակատագիրը նման է նրան, որ ասեն ՙՄերսեդես՚ մեքենան յոլա տարեք ՙԶապորոժեցի՚ ծախսով՚:

Անահիտ Բախշյանը անհասկանալի է որակում կառավարության կողմից ֆինանսների հաշվարկումը: Նա, իր խոսքով, սեւեռված է Լեւոն Մկրտչյանի վրա, բայց դա պատճառ ունի. ՙՆախարարը խոստանում է հոկտեմբերին ուսուցիչների սոցիալական վիճակը բարելավել, խոստանում է, որ հոկտեմբերին արդյունքը կտեսնենք… Ի դեպ, բարեփոխումների լավան, որ 98-ից Լեւոն Մկրտչյանի օրոք արվել է, հիմա էլի Լեւոն Մկրտչյանն է, ու հնարավոր չի չսեւեռվել ու ասել` ինքը հինգերորդ անգամ գալիս է ու միշտ եւ իր անցած արած գործը կասկածի տակ է տանում: Լավ, քանի անգամ ինքը պետք է գնա ու գա, որ ասի՝ ժողովուրդ էս անգամ լավ է: Աշակերտների թիվը պակասում է, ուսուցիչների թիվը պակասում է: 2017-22 թթ ծրագրում ոչ մի խոսք չկա, թե նախադպրոցական կրթությունն ինչպես պետք է շարունակվի: Ամբողջ Երեւանը ալեկոծված է նախադպրոցական հիմնարկների ընդունելության գործընթացով, քաղաքապետարանի կողմից ինչ-որ նորմեր են մտցրել, մինչդեռ դա մեկ օրենքով է առաջնորդվում: Դա Նախադպրոցական կրթության մասին օրենքն է, որտեղ սահմանված է նախադպրոցական կրթության տարիքը՚: Անահիտ Բախշյանի խոսքով, փոփոխությունները տարվա այս ժամանակ ապօրինի են:

Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ ամբողջ աշխարհը քարոզում է, որ եթե դու նախադպրոցական կրթության ոլորտում պակաս ընդգրկվածություն ունես, ուրեմն քո կրթական համակարգը կարող է գնալ ձախողման: ՙԵթե ուզում ես կրթության նկատմամբ սեր առաջացնել, պետք է նախադպրոցական տարիքից սկսել, մինչդեռ այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան համալսարանը,-փաստում է կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը նաեւ համոզված է` ոչ թե դպրոցներ փակեք, այլ վատ ուսուցիչներին հեռացրեք:

Մանրամասները՝  տեսանյութերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930