ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամներ Արտակ Սարգսյանը («ՍԱՍ-ի Արտակ»), Արայիկ Գրիգորյանը («Ավշարի Արայիկ») եւ Արկադի Համբարձումյանը («Դերժավայի Արկադիկ») կպատժվեն`հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար եւ անհարգելի բացակայելու համար: Այս մասին այսօր, հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Այս մասին համապատասխան գրությունը կուղարկվի ԱԺ նախագահին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց եւ ԱԺ խորհրդին կառաջարկի առաջիկա նիստերի օրակարգում ներառել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միջեւ Հայաստանի Հանրապետությունում ՄՔՄՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցին:
Այս նախագծով Հայաստանում արդեն երկու տարի գործող միգրացիոն քաղաքականության զարգացման կենտրոնին առաջարկվում է դիվանագիտական կարգավիճակ տալ`հաշվի առնելով միգրացիոն լրջագույն հոսքերը, մանավանդ նոյեմբերին Հայաստանը ստորագրելու է ԵՄ- հետ նոր համաձայնագիրն, այս կենտրոնի ծանրաբեռնվածությունն ավելանալու է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ