Այսօր ՀՅԴ-ն կազմակերպել էր խորհրդաժողով՝ Արցախի հանրապետության հռչակման 26-ամյակին նվիրված:
Մինչ խորհրդաժողովը կսկսեր՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Հայաստանը վերջին պահին որոշեց չեղյալ հայտարարել իր մասնակցությունը Վրաստանում անցկացվող բազմազգ զորավարժություններին, հնարավո՞ր է հետագայում Հայաստանը խնդիրներ ունենա՝ իր անվտանգությունը պահպանելու հարցում ՝ ասաց. «Ես այդպես չեմ մտածում: Ես կարծում եմ, որ Հայաստանը վերջիվերջո գտնվում է ինչ-որ ռազմաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր այդ տեսակ մի վիճակի մեջ է: Ճիշտ է, մենք չենք փորձում խզել եւ հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց վերջիվերջո այդ իրողությունը մեզանից ակնկալում են նաեւ համապատասխան կեցվածքներ: Մենք անկախ երկիր ենք, մենք կարող ենք որոշել՝ ինչին մասնակցենք, ինչին չմասնակցենք»:
Հարցին՝ վերջին պահի՞ն են մասնակցությունը չեղյալ համարում՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Նույնիսկ կարելի է դա վերջին պահին անել»:
Հարցին՝ դա մե՞ր որոշումն էր՝ Մարգարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, այո: Կարող ես նույնիսկ ունենաս դու ամիսներ շարունակ որոշումներ եւ ինչ-որ քաղաքական նկատառումներով վերջին պահին դրսեւորես»:
Մեր հարցին՝ ի՞նչ շահեցինք մենք՝ վերջին պահին հրաժարվելով մասնակցել՝ Հրանտ Մարգարյանը պատասխանեց, որ մենք ինչ անում ենք՝ մեր պետական շահերից ելնելով ենք անում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ