Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերի» վաճառքը պարունակում է նաեւ քաղաքական բաղադրիչ»

Սեպտեմբեր 04,2017 15:00

Ինչո՞ւ է Ռուսաստանը գաղտնի պահում,
թե որ երկրից է «Իսկանդեր»-ի մատակարարման հայց ստացել

Օրերս Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաեւը հայտարարեց, որ ծառայությունն ուսումնասիրում է օտարերկրյա գործընկերոջից «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական համալիրի մատակարարման մի քանի հայց: Պարոն Շուգաեւը նաեւ պարզաբանեց. «Հաստատում եմ, որ դիմումները կան, բայց դրանց մասին խոսել դեռ վաղ է»: Նա այդպես էլ չհստակեցրեց, թե որ երկրների մասին է խոսքը:

Այդ անորոշությունն է նաեւ պատճառը, որ կան քննարկումներ ու ենթադրություններ, թե հայց ներկայացնող պետությունների թվում կարող է լինել Ադրբեջանը:

«Առավոտի» հարցին՝ Ռուսաստանն ինչո՞ւ է գաղտնի պահում, թե որ երկրից է «Իսկանդերի» պատվեր ստացել, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Դա կարող է տարբեր նպատակներով լինել, օրինակ՝ որ աղմուկ չբարձրանա ու գործարքին չվնասի: Դա կարող է տեղեկատվական խայծ լինել, որ Հայաստանի վրա ճնշումներ գործադրեն ու ինչ-որ բան պոկեն: Ադրբեջանը կարծեմ նախկինում էլ է փորձել «Իսկանդեր» գնել, բայց չեն վաճառել իրեն: Կարող է Ռուսաստանի կողմից ինֆորմացիոն հոսք լինել Հայաստանի վրա ինչ-որ հարցով ճնշում գործադրելու համար»:

Արմեն Վարդանյանն այս առիթով հիշեցրեց, որ մեկ օր առաջ Մոսկվայի քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը Հայաստանին կոչ արեց գնել ռուսական S-350 հակաօդային պաշտպանության համակարգ: Արմեն Վարդանյանը եւս մեկ անգամ զգուշացրեց. «Ռուսաստանը, հնարավոր է, օրինակ, վախեցնելու քաղաքականության միջոցով ստիպի Հայաստանին իրենից զենք գնել, կարող են նաեւ ստիպել հրաժարվել ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումից»:

Մեր այն հիշեցմանը՝ բայց հայկական կողմը պաշտոնական՝ վարչապետի մակարդակով հայտարարել է, որ նոյեմբերին գնում ենք ստորագրելու այդ համաձայնագիրը, եւ հարցին՝ դա բավարար չէ՞ր ռուսական կողմի համար, փորձագետը պատասխանեց. «Ասոցացման պայմանագիրն էլ էին ասում ստորագրելու ենք, բայց չստորագրեցին: Հարցն այն է, որ Ռուսաստանն ուզում է ամեն կերպ նվաստացնել Հայաստանին ու այնպես անել, որ Հայաստանն ընդհանրապես մոռանա ԵՄ-ի մասին»:

Այս առիթով պարոն Վարդանյանին հիշեցրինք, որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ ոչ թե Հայաստանն է հայտարարել, որ չի ստորագրում Ասոցացման համաձայնագիրը, այլ ժամանակին եվրոպական կողմն է հայտարարել, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրումը ԵՏՄ-ի հետ համատեղելի չէ, Արմեն Վարդանյանը նշեց. «Միգուցե եվրոպական կողմն էլ իր մեղքի թեթեւ բաժինն ունեցել է, որովհետեւ հստակ չի ասել, որ Ասոցացման պայմանագիրը անհամատեղելի է ԵՏՄ-ի հետ: Բայց մեր իշխանությունները նախկինում երբեք չեն հայտարարել, որ բանակցություններ են տարվում ԵՏՄ-ի հետ: Վլադիմիր Պուտինը կարող էր հենց սկզբից Սերժ Սարգսյանին արգելել, որ 3.5 տարի բանակցեր ԵՄ-ի հետ, բայց թույլ տվեց, որ հասունանա, ու վերջում միանգամից տապալեց այդ համաձայնագրի ստորագրումը, որ դա դաս լինի նաեւ Արեւելյան գործընկերության մյուս երկրների, օրինակ՝ Ուկրաինայի համար»:

Արմեն Վարդանյանը հիշեցրեց, որ 2013-ի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն մտահոգություններին, թե Ռուսաստանը կարող է Հայաստանին պարտադրել, որ մաս կազմի Մաքսային, հետագայում՝ Եվրասիական տնտեսական միությանը՝ ԵՏՄ-ին, հայտարարեց. «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ: Չկա՛ այդպիսի բան: Չկա՛: Քանի անգամ կրկնեմ, որ հասկանալի լինի բոլորի համար»:

Մեր ամփոփիչ հարցին՝ փաստորեն հիմա կարելի՞ է մտահոգություն ունենալ այն մասով, որ վտանգի տակ է դրվում նոյեմբերին ԵՄ-ի հետ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրումը, պարոն Վարդանյանը պատասխանեց. «Վտանգի տակ է, քանի դեռ չի ստորագրվել. բայց դեռ հաստատ չի, որ Ռուսաստանը «Իսկանդերների» պատվեր է ստացել Ադրբեջանից: Ընդհանրապես կարծեմ Հայաստանը երկրորդ երկիրն է, որ ստացել է «Իսկանդեր», որովհետեւ «Իսկանդերի» վաճառքը պարունակում է նաեւ քաղաքական բաղադրիչ. ամեն երկրի չեն վաճառում, միայն Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող երկրներին: Ինձ թվում է՝ Ադրբեջանին չեն վաճառի «Իսկանդեր»: Բայց կարող են դրանով Հայաստանին ուղղակի սարսափեցնել ու մի բան պոկել նրանից»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը սառեցրել է Aeronautics ընկերության որոշ արտոնագրեր՝ թույլ չտալով նրան անօդաչուներ մատակարարել իր խոշորագույն հաճախորդներից մեկին՝ Ադրբեջանին, դա արդյոք ադրբեջանական կողմի համար դաս կլինի՞, որ դադարեցնի ակտիվությունը սահմանին, պարոն Վարդանյանն այս առիթով ասաց. «Ոչ, դա պետք չէ Իսրայելին: Նրանց պետք է, որ իրենց զենքը վաճառվի: Ըստ երեւույթին Իսրայելում ինչ-որ կազմակերպություններ կամ մարդիկ նպատակ ունեին այդ անօդաչու սարքեր վաճառող ընկերությանը վնաս հասցնել ու այդ ինֆորմացիան հրապարակեցին. Իսրայելի ՊՆ-ն էլ սկանդալը ինչ-որ կերպ մեղմելու համար սառեցրեց այդ կազմակերպությանը անօդաչու սարքեր վաճառել Ադրբեջանին»:

Մեր հստակեցմանը` դա նշանակում է, որ հետո էլի՞ կշարունակվի համագործակցությունը, Արմեն Վարդանյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ այո, որովհետեւ Իսրայելը մի քանի միլիարդ դոլարի անօդաչու սարքեր է վաճառել Ադրբեջանին եւ, բնականաբար, չի ցանկանա զրկվել այդպիսի գնորդից: Իսրայելի ՊՆ-ն ուղղակի սառեցրել է, բայց վերջնականապես չի արգելել Aeronautics ընկերության կողմից Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառելը: Որոշ ժամանակ անց, երբ այս սկանդալի մասին կմոռանան, նորից կսկսվի անօդաչուների վաճառքը Ադրբեջանին»:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

02.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930