Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդի մահը ծանրացած է նրան կիրակի օրով աշխատանքի կանչած գործատուի ուսերի վրա

Սեպտեմբեր 04,2017 14:30

«Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից ոչ միայն չի փակվել մոտ 2 մետր բարձրության բաց, անապակի պատուհանը, այլ այնտեղ գոյություն չի ունեցել անվտանգությունն ապահովող գոտիներ, զգուշացնող կամ արգելող նշաններ:

2014թ. ապրիլի 13-ին, կիրակի օրը, ժամը 16:00-ի սահմաններում, Երեւանի Կաշեգործների 70 հասցեում գտնվող «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Դավիթի Հունանյանն Ազատ տնտեսական գոտու՝ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» տանիքից ցած է ընկել: Ըստ պաշտոնական տեղեկատվության, նա մեկ ժամ հետո հայտնաբերվել է, ապա տեղափոխվել 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ եւ մահացել է: Հարուցվել է քրեական գործ, ապա կարճվել, փոխվել են երեք քննիչ, երկու դատախազ: Գործը մեկ անգամ էլ էր կարճվել, ապա քրեական գործի նախաքննություն էր սկսվել Երեւանի նախկին դատախազ Արթուր Դավթյանի որոշումով:

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթացած նիստի ժամանակ Լեւոն Հունանյանի հայրը՝ Դավիթ Հունանյանն ասաց, որ իր որդին «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ընկերության աշխատակիցների հետ անվտանգության կանոնները պաշտպանելու մասին հրահանգավորում չեն ստացել: Այդ մասին հաստատել են Նառա Սարգսյանն իր ցուցմունքով եւ Կարեն Մհերյանը՝ բացատրությամբ:

Մինչդեռ, գլխավոր ինժեներ Գուրգեն Բեգլարյանը, որը, չգիտես ինչու, տվել է վեց ցուցմունք, իր բոլոր ցուցմունքներով հրաժարվել է նախորդներից, լինելով շահագրգիռ անձ:

Ընկերության անվտանգության հրահանգների համաձայն, չէր թույլատրվում բարձրանալ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության նշված 3-րդ մասնաշենքի տանիքը: Սակայն աշխատակիցները, որոնք ունեցել են ազատ տեղաշարժի իրավունք, տանիք են բարձրացել, քանի որ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանն օգտագործվել է որպես դուռ:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե ընկերության չորս աշխատակիցներն ունեցել են աշխատանքային պայմանագիր: Այդ պայմանագիրը նա տեսել է քննիչի մոտ: Սակայն գործի նյութերին ծանոթանալիս, պարզվել է, որ Լեւոն Հունանյանը 03.03.2014թ. պայմանագիր է կնքել, իբրեւ «Զեւս ստուդիա» ՍՊԸ համար ծառայություններ մատուցող աշխատակից եւ «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարող չէր կարող հրահանգավորվել 31.03.2014թ.-ին հաստատված` տեխնիկայի անվտանգության, աշխատանքի եւ արտադրական առողջապահության պաշտպանության մասին հրահանգին, քանի որ վերջինս հաստատվել է Լ.Հունանյանի կողմից «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության տարածքում նախագծային աշխատանքներ կատարելուց մոտ 28 օր անց եւ դեպքից 8-9 օր առաջ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիպարիտ Սիմոնյանը ներկայացրեց, թե ինչպես է Լեւոնը տարվել բուժհաստատություն, եւ նրա խոսքում կար ակնհայտ հարցադրում՝ բուժհաստատության պատշաճ օգնության դեպքում, արդյոք, հնարավո՞ր էր նրա կյանքը փրկել, ինչին չեն անդրադարձել ընդհանրապես վարույթն իրականացրած, ապա վարույթից սեփական դիմումի համաձայն հեռացած քննիչները:

Ի դեպ, թե քնիչը, թե «Զեւսի» տնօրեն Հարություն Մուրադյանը դատարան չէին ներկայացել, եւ դատարանը մեկ անգամ եւս հնարավորություն տվեց նրանց՝ սեպտեմբերի 25-ի նիստին ներկայանալու համար:

Ըստ Լեւոն Հունանյանի բժշկական պատմագրի, որն արդեն իսկ փոփոխված է, եւ ըստ էության միջամտություն է տեղի ունեցել պաշտոնական փաստաթղթի վրա, փաստվել է, որ կանչով Լեւոնին հիվանդանոց տանելուց հետո միայն ժամը 17-ին է ԿՏ նշանակվել: Շտապ օգնության կանչը գրանցվել է մեկ ժամ առաջ: Տուժողի իրավահաջորդից 65 000 դրամ է պահանջվել: Բժիշկներն արձանագրել են՝ օգտագործվել է արյուն, այն դեպքում, երբ Դավիթ Հունանյանն է ասել որդու արյան խմբի մասին եւ արյուն է հասցրել բուժհաստատություն:

«Լեւոն Հունանյանը չի կանգնել երդիկի վրա, այլ հենվել է չերեւացող վտանգի` տոլով ծածկված երդիկի ներքեւի հատվածի վրա»,- ասաց Լիպարիտ Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ դեպքի կապակցությամբ երեք տարի առաջ՝ ապրիլի 22-ին, Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Ա. Մկրտչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում Դավիթ Հունանյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ, իսկ 2014թ. հուլիսի 16-ին փաստաբանը ճանաչվել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է. Ավդալյանի կողմից օգոստոսի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին: Տուժող կողմը բողոքել էր, եւ 2015թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը վարույթ է ընդունել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Հ.Հարությունյանը: Քննիչն անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին որոշում է կայացրել՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին: Քննիչը որոշել է տնօրեն Հարություն Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել եւ վարույթը կարճել՝ արարքում հանցանքի բացակայության պատճառաբանությամբ: Մինչդեռ, ըստ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի, «Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորված է, որ «Զեւս ստուդիա» ՍՊԸ եւ Ազատ տնտեսական գոտու պատասխանատու անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության հատուկ կանոնների խախտման եւ 157-րդ հոդվածի 2-րդ մասի՝ աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում-հանցակազմ, հետեւաբար, պետք է լուծեին նրանց վերոնշյալ հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու հարցը, սակայն նախաքննական մարմինը ճիշտ հետեւության չի հանգել»:

Տուժողի հայրն անդրադարձավ փորձագետ Ա. Բադեյանի եզրակացությանը, նա արձանագրել էր. «Զեւս ստուդիա» ՍՊԸ տնօրեն Հ. Մուրադյանի կողմից չի կատարվել «Անվտանգության տեխնիկայի, աշխատանքի պաշտպանության եւ արտադրական սանիտարիայի» ներածական հրահանգավորման հրահանգը, «Զեւս ստուդիա» ՍՊ ընկերության աշխատակից Լեւոն Հունանյանը չի հրահանգավորվել եւ աշխատանքի անվտանգության վերաբերյալ հրահանգավորումների անցկացման գրանցամատյաններում բացակայում են Լ. Հունանյանին համապատասխան հրահանգավորում անցկացնելու վերաբերյալ գրառումները»: Նշենք, որ համաձայն հրահանգի 2.4.1 կետի՝ արգելվում էր բարձրանալ տանիք. «Համաձայն հրահանգի՝ չէր թույլատրվում բարձրանալ նշված 3-րդ մասնաշենքի հարթ տանիքը: Այս դեպքում, ինչո՞ւ էր անհրաժեշտ այդ հարթ տանիք տանող եւ որպես դուռ օգտագործվող մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը: Եվ եթե առանց թույլտվության չէր կարելի բարձրանալ տանիք, ապա ինչու «Էյ Ջեյ Էյ Հոլդինգ» ՓԲ ընկերության պատասխանատու անձանց կողմից չէր փակվում այդ մոտ 2 մետր բարձրության մեծ, բաց, անապակի պատուհանը կամ ինչու այն չուներ անվտանգությունը ապահովող գոտիներ եւ այլ զգուշացնող կամ արգելող նշաններ»: Քրեական գործի նյութերում Լ. Հունանյանի անվամբ առկա չէ որեւէ փաստական հանգամանք, որը կարող է հաստատել Լ.Հունանյանի հրահանգավորված լինելու մասին: Տուժողի իրավահաջորդը անդրադարձավ փորձաքննություններին, որոնք, նրա կարծիքով, լի են անճշտություններով, անհիմն ենթադրություններով:

Տուժողի իրավահաջորդն ասաց, թե քսանյոթից տասնութը ցուցմունք են տվել, թե այդ հիմնարկում կատարվել են շինարարական աշխատանքներ: Մինչդեռ, գրասենյակային փորձագետներից մեկը պնդել էր, թե նման աշխատանքներ տեղի չեն ունեցել:

Դավիթ Հունանյանն անգամ գումարի չափն ասաց, որը եղել է որոշմամբ, այն է՝ 4 մլն 970 000 դոլար:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930