Հունաստանի խորհրդանիշ համարվող «Սիրտակի» պարը աշխարհում հայտնի է դարձել օսկարակիր դերասան Էնթոնի Քուինի շնորհիվ, երբ նա 1964թ. նկարահանվել է Միխալիս Կակոյանիսի «Հույն Զոռբան» ֆիլմում: Սցենարի համաձայն՝ դերասանը պետք է աշխույժ հունական պար պարեր, սակայն դժբախտաբար կոտրում է ոտքը, ու սա այն դեպքում, երբ ֆիլմի մեծ մասն արդեն նկարված էր: Կոմպոզիտոր Թեոդորակիսը գտնում է լուծումը՝ գրում է դանդաղ երաժշտություն, որպեսզի Էնթոնի Քուինը կարողանա դրա տակ պարել անգամ վնասված ոտքով:
Այդպես ծնվում է «Սիրտակին» ու դառնում հանրահայտ: Նկարահանման աշխատանքներից հետո Էնթոնի Քուինը հանգստանում է Հռոդոս կղզու գեղեցիկ լողափերից մեկում: Ամեն հռոդոսցի կարող է պատմել, թե ինչպես է այդ ծովափը Հռոդոսի նահանգապետի կողմից նվիրվել դերասանին, որը խոստացել էր այնտեղ մշակութային կենտրոն ու կինոստուդիա հիմնել, սակայն խոստումը չէր կատարել: Դրանից հետո Քուինի ձեռքից հետ են վերցրել ծովափը, բայց այն շարունակում է կրել օսկարակրի անունը: Ասում են՝ Էնթոնի Քուինի թոռները դիմել են դատարան՝ պապի նվերը հետ ստանալու ակնկալիքով:
Հռոդոս կղզու լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ»
02.09.2017