Հարցազրույց «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրեն, խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր Լեւոն Իվանյանի հետ
– Պարոն Իվանյան, շատ հաճախ չե՞ն ձեր աշխատանքային տեղափոխությունները եւ ինչպես է, որ տարիներ շարունակ շեփորվող «աշխատանքի տեղ չկա»-ի պայմաններում, ամեն անգամ հանդես եք գալիս նոր աշխատավայրից: Այս պահին Դուք «Նարեկացի» արվեստի միության գործադիր տնօրենն ու ծրագրերի ղեկավարն եք:
– Մեծն Թումանյանի խոսքն այս դեպքում ավելի դիպուկ պատասխան կարող է լինել՝ «Աշխարհում հաստատ մի բան կա միայն, Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա»: Կան, իհարկե, անփոփոխ աշխատանքներ, ինչպես իմ ընկերներից մեկն ասաց, որ իր աշխատանքային կենսագրությունը մեկ տող է միայն եւ 50 տարի աշխատել է նույն հիմնարկում: Ի տարբերություն նրա, իմ աշխատանքային կենսագրությունը 50 տող է կազմում, որը միշտ իրարամերժ գնահատական է ստանում: Մի կողմից ասում են, թե ոչ մի տեղ երկար չի մնում, մյուս կողմից՝ որ այդքան տարբեր շփումների արդյունքում, բնականաբար, շատ ավելի մեծ փորձ է կուտակում: Իսկ աշխատանքային պահանջներում փորձի առկայությունը միշտ մեծ նշանակություն ունի: Ամեն ինչ, ամեն գործ, ամեն ինչի նման՝ նույն ընթացքն ունի՝ ծնունդ, կյանք, ավարտ, ժամկետներն ու խնդիրներն են տարբեր: Ճակատագիրը ինձ տարել է հիմնադիր գործ կամ մեկանգամյա բարդագույն գործունեության ծրագրեր իրականացնելու մեծ համբերություն պահանջող ճանապարհով: Գուցե այլ թեմայի անցնենք, օրինակ՝ հենց իմ բազմափորձությունից ելնելով, ի՞նչ հրատապ ծրագիր է պետք իրականացնել մեր մշակութային կյանքում:
– Համաձայն եմ Ձեր հարցին: Եվ ի՞նչ հրատապ մշակութային ծրագիր է պետք իրականացնել:
– Երկար չեմ հիմնավորում: Ասում եմ՝ ով ունկ ունի՝ թող լսի, ով ակն ունի՝ թող տեսնի… Հրատապ է Հայոց լեզվի պաշտպանության ու պահպանության խնդիրը: Հիմա կառավարման հեքիաթներ կհնչեն այն մասին, որ բազում օղակներ ու միջոցներ կան այդ խնդիրը «պատշաճ մակարդակով» լուծելու համար, սակայն այդպես չէ: Աղավաղումներն ավելի բարձր մակարդակ ունեն, քան պաշտպանությունը: Որպես հանդիսությունների բեմադրող ռեժիսոր, ես հանդես եմ գալիս հանրությանը տեսանելի ու մատուցվող արժեքի դիրքերից: Ստացվում է, որ բազում խախտող օղակներ կան՝ հեռուստատեսային «սերիալ» կոչված տխմարություններից սկսած, տարբեր «փողոցային» եւ «բարձրռեյտինգային» շոուներով վերջացրած եւ չափազանց քիչ են «պատշաճ» օրինակները՝ լեզվի մաքրության պահպանման համար: Այն, ինչ պետք է ասեմ՝ մշակույթի մասնագետի դիրքից է: Ավելի կարճ ու կտրուկ սա է ասելիքս. ԵԹԵ ՉՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ԱՆԻՄԱՍՏ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐԸ: Չեմ շարունակում, միտքը վիճելի է, բայց հստակ է: Հրատապ անելիք է նաեւ նոր ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ կամ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ մշակութային ակտիվ գործող կենտրոնի ստեղծումը, որի գործունեությունը օր ու գիշեր պետք է ուղղված լինի Հայոց լեզվի պաշտպանությանը՝ ամենատարբեր կերպ հանդես գալով հանրության առաջ եւ ամեն օր բազմամարդ, բարձրանաղարտ տեսանելի հանդիսություններ իրականացնելով:
– Ձեր խոսքից ստացվում է, որ սոցիալ-տնտեսական-ֆինանսական կարգի՝ մարդու կյանքի գոյությունն ապահովող խիստ անհրաժեշտ գործոնները, երկրորդային նշանակություն ունեն:
– Ձեզ ավելին ասեմ. նույնիսկ երկրի պաշտպանության գործոնը երկրորդային նշանակություն ունի, եթե չի պահպանվելու ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ: Անհասկանալի է՝ ինչն է պաշտպանվում կամ պահպանվում:
ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ: Մնացած ամեն, ամեն ինչ երկրորդային է: Եթե մենք մշակութային երկիր չենք, ապա մենք ոչ մի տեսակի երկիր չենք: Իսկ մեր մշակույթի գերխտացումը ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ է: Հայոց լեզվի չլինելը հայության չլինել է նշանակում: Եվ՝ նորից մնացած ամեն ինչ դառնում է երկրորդային:
Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ»
02.09.2017