Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը հայտարարել է, որ հոկտեմբերին մեկնարկող Հայաստանի մինչեւ 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի շրջանաձեւ մրցակարգով, որին կմասնակցեն 12 թիմեր՝ Երեւանից եւ մարզերից:
«Նախատեսվում է անցկացնել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների կանոնավոր առաջնություն: Ներկայումս տարվում են աշխատանքներ, որպեսզի առաջնությունն ընթանա բարձր մակարդակով: Մասնակիցների վերջնական ցանկը կհրապարակենք հաջորդ շաբաթ: Շուրջ յոթ ամիս 12 թիմեր երկու շրջանով կպայքարեն չեմպիոնի կոչման համար՝ խաղալով տուն-դուրս տարբերակով: Այս մրցակարգը թույլ կտա, որպեսզի պատանիներն ամբողջ տարի խաղային պրակտիկա ունենան եւ առաջընթաց գրանցեն:
Առաջնության բոլոր ծախսերը հոգալու է բասկետբոլի ֆեդերացիան՝ իր գործընկերների հետ միասին: Բավական ծախսատար առաջնություն է լինելու, սակայն միայն այս կերպ է հնարավոր զարգացնել տեղական բասկետբոլը:
Խաղերի քանակն ավելանալու է նաեւ մինչեւ 14 տարեկանների առաջնությունում: Սկզբում անցկացվելու է Երեւանի առաջնություն, որտեղ առաջին վեց հորիզոնականները գրաված թիմերը կանցնեն Հայաստանի առաջնություն եւ կմիանան մարզային վեց թիմերի: Այս փուլում այդ 12 թիմերը տարվա մեջ երկու անգամ կհավաքվեն Երեւանում եւ երկու շրջանով կպայքարեն մեդալների համար:
Այս առաջնության անցկացմանն աջակցելու է նաեւ ՖԻԲԱ-Եվրոպան:
Ներկայումս մշակում ենք տարբերակներ նաեւ մյուս տարիքային խմբերի համար: Շուտով պարզ կդառնա նաեւ մեծահասակների առաջնության մրցակարգը եւ մասնակիցների քանակը»,- ասել է Վահագն Հարությունյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
02.09.2017