«Որևէ պաշտոնական մեկնաբանություն տալ չեմ կարող»,-Aravot.am-ի հարցին՝ ո՞րն էր պատճառը, որ Հայաստանը վերջին պահին որոշեց չմասնակցել սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին, այսպես պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ երկու օր առաջ, երբ տեղեկություն տարածվեց զորավարժությունների մասին, մասնակից երկրների շարքում չէր նշվում Ադրբեջանի անունը, այլ նշվում էր, որ զորավարժություններին կմասնակցեն ԱՄՆ-ից, Վրաստանից, Հայաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լատվիայից և Ուկրաինայից ներկայացուցիչներ:
Արդյոք հենց այս գործո՞նն ունեցավ հայկական կողմի՝ հրաժարվելու որոշման հարցում դերակատարություն: «Кавньюс» պորտալի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Անտոն Եվստրատովն այս առիթով շեշտել է որ հայկական կողմի՝ նման որոշման հարցում հիմնական դերակատարություն ունեցել է այն, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններում բացակայում էր հիմնականը՝ գործընկերների միջև վստահությունը:
Հարցին՝ հնարավո՞ր է զորավարժությունների մասնակցությունից հրաժարվելու որոշումը Հայաստանը կայացրել է պաշտոնական Մոսկվայի ճնշման ներքո, պարոն Եվստրատովը պատասխանել է. «Իհարկե, Ռուսաստան ունի իր հետաքրքրություններն ու շահերը հետխորհրդային տարածքում՝ մրցակցելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ, բայց զորավարժություններին մասնակցել արգելելու հարցում ամենևին էլ Մոսկվային չէր պահանջվում դա անել հանկարծակի: Դրա համար կարելի էր ընտրել ավելի օդիոզ ձևաչափ: Օրինակ՝ պաշտոնական Երևանը հենց սկզբից կարող էր հրաժարվել մասնակցությունից, և որևէ հակազդեցություն չէր էլ կարող լինել»:
Մեկնաբանը հիշեցնում է, որ 2015-ին Հայաստանը մասնակցել է Agile Spirit բազմազգ զորավարժություններին, և որևէ մեկը նրան չի արգելել՝ առավել ևս հանկարծակի:
Ըստ մեկնաբանի՝ ժամեր առաջ զորավարժություններին չմասնակցելու որոշման պատճառները կարող են բազմաթիվ լինել՝ սկսած տեխնիկական խնդիրներից մինչև վստահության բացակայություն: Ըստ Անտոն Եվստրատովի՝ այս որոշման դեպքում կարող էր դերակատարություն ունենալ նաև ադրբեջանական կողմի՝ ԵԱՀԿ մշտադիտարկման ժամանակ կրակ բացելու փաստը և այն, որ այդ կապակցությամբ քննադատությամբ հանդես չեկավ ոչ ԵԱՀԿ-ն, ոչ էլ ՆԱՏՕ-ն:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ