«Լեհաստանին հաղթելուց հետո թիմում բարձր տրամադրություն է: Եթե կարողանանք շարունակել այդպես խաղալ, կկարողանանք որակավորվել 2018 թ. Աշխարհի առաջնությունում: Հավաքական հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ լավ մարզավիճակում են եւ պատրաստ խաղադաշտ մտնել», – այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Դանիայի ֆուտբոլային ընտրանու գլխավոր մարզիչ Ագե Հարեյդը:
Իսկ կիսապաշտպան Թոմաս Դիլեյնին նշեց, որ դանիացիները միշտ էլ դժվար են խաղում արեւելյան եւ հարավային երկրների հետ, որովհետեւ ոճերի տարբերություն կա: Ֆուտբոլիստը նշեց նաեւ, որ Հենրիխ Մխիթարյանի պես թոփ ֆուտբոլիստներին չեզոքացնելու համար հաճախ նրանց դեմ պայքարում են ծնկներին հարվածելով, բայց ինքը եւ թիմակիցները զգուշանալու են նաեւ Հայաստանի հավաքականի մյուս ֆուտբոլիստներից եւ աշխատելու են սահմանափակել նրանց տարածությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ