«Վաղը խաղադաշտ մտնելու ենք հաղթելու մտադրությամբ: Ռումինիայի ընտրանուց կրած ցավալի ու ծանր պարտությունից հետո թիմը հոգեբանորեն լիովին վերականգնվել է: Ինչ վերաբերում է վաղը Դանիայի հետ խաղում մեր ընտրելիք տակտիկային, այս պահին հարյուր տոկոսանոց ոչինչ ասել չեմ կարող: Ամեն բան կախված է լինելու ֆուտբոլիստների ֆիզիկական եւ ֆունկցիոնալ վիճակից, թե որքան արագ կվերականգնվեն», – աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Դանիայի հավաքականի հետ հանդիպումից առաջ նախախաղային մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:
Հարցին, թե ազգային հավաքականի հետ կապված ապագայի ինչ ծրագրեր ունի, Արթուր Պետրոսյանը պատասխանեց. «Ինչպես գիտեք, իմ պայմանագիրը մինչեւ հոկտեմբեր ամիսն է: Դա իմ ցանկությունն էր: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ինձ երեք տարվա պայմանագիր էր առաջարկում: Բայց ես չգիտեի, թե իմ աշխատանքը հավաքականում ինչպես էր ստացվելու: Մենք ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպելու եւ զրուցելու ժամանակ դեռ ունենք: Եթե ստացվի, կլինի հաջորդ երկու տարիների համար: Իմ պլանները հաջորդ երկու տարվա ընտրական փուլի հետ են կապված: Ֆուտբոլային առումով ուզում եմ՝ այնքան ուժեղ լինենք, որ վերջին րոպեներին ցավալի գոլեր չընդունենք: Դա առաջինը կապված է հոգեբանության հետ, երկրորդը՝ որակի: Հուսով եմ, այդ նպատակին կհասնենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ